Բոտուլիզմի դեպք է արձանագրվել
Դեկտեմբերի 16-ին արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված պղպեղի պահածոյի օգտագործումը:
Տավուշի մարզի Բերդավան գյուղի 24- ամյա բնակիչը, որն այդ ժամանակ գտնվել է Վանաձորում, օգտագործել է պղպեղի պահածո: Նույն օրը տուժածի ինքնազգացողությունը վատացել է և դիմել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից տեղափոխվել է Երևանի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն: Հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Բժիշկները հիվանդի վիճակը գնահատում են ծանր: Բուժումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300 Cջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:
Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:
Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:
Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: