Հայկական կողմի անզիջողության պայմաններում սահմանը չի բացվի. Մահչուփյան
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Աբհաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Մահչուփյանը «Սպուտնիկ» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ապրիլի 24-ը որքան մոտենում, այնքան հայերի շրջանում աճում է ծայրահեղական տրամադրվածությունը: Ըստ Մահչուփյանի՝ հայերն այս հարցում առավել անզիջում են:
«Չեմ հավատում, որ նման պայմաններում Թուրքիան կկատարի որևէ քայլ, որը կբավարարի հայկական կողմի պահանջները: Հայկական կողմի նման մոտեցման պայմաններում անհնար է , որ Թուրքիան ցեղասպանության և սահմանի բացման հարցում փոխզիջման գնա»,- ասել է Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:
Վերջինիս խոսքերով, եթե Թուրքիան որևէ քայլ կատարի, դա տեղի կունենա մեկ տարի հետո, երբ բոլոր կրքերը հանդարտված կլինեն և կողմերը հարցին սառնասրտությամբ կմոտենան:
Մահչուփյանը, հիշեցնելով, որ անցած տարի ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ էր հղել հայ ժողովրդին, ընդգծել է, որ սա մի նշաձող է, որից ներքև այլևս Թուրքիան չի իջնի:
Ermenihaber.am