Թափթփուկները ծեծում են, ապտակ պատգամավորներին … ԲՀԿ-ն բոյկոտում է
Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց արտահերթ նիստը: ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները նախևառաջ անդրադարձան երկրում վերջին օրերին տեղի ունեցած ազատամարտիկներին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպերին:
”Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրիդել վիճակը, երբ տարբեր թափթփուկներ ծեծում են ազատամարտիկներին, ”հայրենասիրական” ապտակ են հասցնում մեր գործընկերոջը` ԲՀԿ-ը հայտարարում է, որ բոյկոտելու է արտահերթ նստաշրջանը, եթե չքննարկենք նախևառաջ ստեղծված իրավիճակը”,-հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
”Ժառանգությունից” Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ժողովուրդն սպասում է, թե ինչպես կարձագանքի Ազգային ժողովը երկրում ստեղծված իրավիճակին ու կքննարկի այս հարցը: ”Պետք է արտահերթ նիստով անդրադառնանք պետության ստեղծված իրավիճակին, ապա անցնենք բնականոն աշխատանքին”:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ վերջին օրերին երկրում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, իսկ Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածն ապտակ էր բոլոր պատգամավորների նկատմամբ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս անընդունելի համարեց ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը: Նա առաջարկեց ԱԺ նախագահի հետ խորհրդակցություն անել ու դատապարտող հայտարարության ձևը մշակել: Ռուստամյանի առաջարկով քսան րոպե ընդմիջում հայտարարվեց: