Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը
2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին ընդառաջ այսօր պաշտոնապես Հայաստանին է հանձնվել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարությունը:
Պաշտոնական արարողությանը մասնակցել են ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի եւ Բոսնիա-Հերցեգովինայի, ինչպես նաեւ Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Հանդիպման մասնակիցներին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունել է նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը:
Տիկին Հարությունյանը նշել է, որ Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը մեր երկրի համար կարեւոր եւ պատվաբեր, բայց միաժամանակ պատասխանատու եւ աննախադեպ գործընթաց է, քանի որ նախկինում Հայաստանը երբեւէ չի ստանձնել նման գործառույթ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Բոլոնիայի քարտուղարությունը եվրոպական 47 երկրի ուղարկել էր հայտ` նախարարական գագաթաժողով եւ քաղաքացիական ֆորում ացկացնելու նպատակով: Հայաստանը, կշռադատելով իր հնարավորությունները, ֆինանսական, մարդկային ռեսուրսները եւ պատասխանատվության ողջ բեռը, ներկայացրել էր համապատասխան հայտ` նախարարական գագաթաժողովի, ինչպես նաեւ Բոլոնիայի քարտուղարության եւ հետամուտ խմբի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ: Կ. Հարությունյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը` նշված գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Ըստ այդմ` արդեն ձեւավորվել է Հայաստանի քարտուղարությունը, որի կազմում, ըստ նախարարի տեղակալի, հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած ավելի քան 100 հավակնորդից ընտրվել են լավագույնները:
Արդեն գործում է քարտուղարության գրասենյակը, որը համալրվել է համապատասխան գույքով եւ սարքավորումներով: Առաջին աշխատանքային հանդիպումն է կայացել Ռումինիայի եւ Հայաստանի քարտուղարության թիմերի միջեւ, որի ընթացքում ակնկալվում է, որ ռումինական կողմը, որը, ըստ Կ. Հարությունյանի, շատ բարձր մակարդակով է անցկացրել նախարարական գագաթաժողովը եւ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի պահպանել սահմանված բարձր նշաձողը, կփոխանցի իր կուտակած փորձը:
“Շատերն են հարցնում` ինչ կտա Հայաստանին նման գագաթաժողովի անցկացումն ու քարտուղարության ստանձնումը: Իհարկե, հիմնական ձեռքբերումները տեսանելի կլինեն միայն 2015 թվականին: Բայց այս պահին արդեն կարող ենք փաստել, որ առաջին` այս գործընթացը շփումների նոր հարթակ է Հայաստանի համար, երկրորդ` համագործակցության նոր մակարդակ եվրոպական 47 երկրի, ինչպես նաեւ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Ուսանողական միության, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի եւ նմանատիպ կառույցների հետ: Իհարկե, Հայաստանի կրթության ոլորտի համար նշված գործընթացը կլինի նաեւ մեծ փորձառություն. այն նաեւ մեծ խթան կհանդիսանա հայաստանյան բարձրագույն համակարգի բարեփոխումների համար”,-ամփոփելով իր ողջույնի խոսքը` նշել է Կ. Հարությունյանը` ներկայացնելով նաեւ “ՀՀ-ի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումները Բոլոնիայի գործընթացի համատեքստում” իր ելույթը:
Հանդիպման ընթացքում ներկաներին ողջունել են նաեւ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթային եւ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն, ինչպես նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության եւ ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի եւ Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչները: Ելույթներով եւ համապատասխան փորձի փոխանակմամբ է հանդես եկել Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող ռումինական կողմը` ի դեմս տիկին Լիգիա Դեկայի: Հանդիպման ավարտին տեղի են ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության՝ որպես ԲԳՀԽ համանախագահի եւ հայկական ԲԳՀԽ քարտուղարության պարտավորությունների, ինչպես նաեւ ԲԳՀԽ 2012-2015թթ. աշխատանքային ծրագրի վերաբերյալ քննարկումներ: