«Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ սուվերեն տարա՞ծք է» հարցին իշխանական խմբակցության ղեկավարը պատասխան չունի, սակայն պնդում է, որ Սյունիքում ապագա կա
«ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարությունից զատ՝ այս պահին չեմ կարող մեկնաբանություն տալ։ Թույլ տվեք սահմանափակվել ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրությամբ։ Այս պահին դրանից զատ մեկնաբանություն չեմ տալիս», – Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրավիճակի, Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրանական բեռնատարների ստուգման փաստի մասին լրագրողների հնչեցրած բազմաթիվ հարցերին միայն այսպես պատասխանեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա առանց մեկնաբանության թողեց նաև հարցը, թե, ի վերջո, ՀՀ ինքնիշխան տարածք համարու՞մ է Գորիս-Կապան մայրուղին։
«Հաջորդ հարցը, որովհետև այս հարցին մեկնաբանության մասով ես ասացի, որ որևէ մեկնաբանություն չեմ անում։ Հարգելի լրագրողներ, այլ հարցեր ունե՞ք», – ասաց Կոնջորյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե ում ուղղեն հարցեր, եթե բոլորը լռում են, իսկ իշխանական խմբակցության ղեկավարը հղում է անում միայն ԱԱԾ հաղորդագրությանը, որը տարաբնույթ եզրակացությունների տեղիք է տալիս, Կոնջորյանը պատասխանեց․
«Լեգիտիմ հարց եք տալիս, կան լիազոր և պատկան մարմիններ, որոնք այս մասով աշխատանք են տանում և առաջնային կերպով մեկնաբանությունները գալիս են այդ մարմիններից։ Երբ կլինեն այլ հաղորդագրություններ, բոլորս կծանոթանանք և եթե անհրաժեշտ լինի, հանդես կգանք մեկնաբանություններով»։
Այնուհանդերձ, ՔՊ խմբակցության ղեկավարը պնդեց, որ Սյունիքում ապագա կա։
«Սյունիքում, միանշանակ, ապագա կա։ Ամբողջ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա», – ասաց նա։