24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այո՛, միասին և գործուն քայլերով է պետք պայքարել այս չարիքի դեմ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը այսօր՝ Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օրը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային, որի հետևանքով ունեցանք նաև բռնությամբ անհետացած հայրենակիցներ։ Թովմասյանն ընդգծել է այս փաստին համարժեք արձագանքի կարևորությունը։

«Օգոստոսի 30-ը՝ բռնությամբ անհետացած անձանց միջազգային օր։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դեռ 1992 թվականի բանաձևով ընդունված «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» հռչակագրում ամրագրվել էր, որ բռնությամբ անհետացման ցանկացած արարք վիրավորանք է մարդկային արժանապատվությանը, այն դատապարտվում է որպես մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ծանր և աղաղակող խախտում։ Իսկ Վեհաժողովի 2006 թվականի բանաձևով ընդունված «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայում հստակ արձանագրվել էր, որ նույնիսկ պատերազմական իրավիճակը չի կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար, որի (բռնությամբ անհետացման) համատարած կամ պարբերաբար կիրառվող գործելակերպը համարվում է մարդկության դեմ կատարված հանցագործություն։

ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված` ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների խախտմամբ Ադրբեջանը 2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացրեց ռազմական ագրեսիա, բռնություն գործադրեց Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ, որի արդյունքում ունեցանք զոհեր, վիրավորներ, գերեվարված, բռնությամբ անհետացած հայրենակիցներ։

Մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմին հաջորդող տարվա՝ 2021 թվականի իր հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը արտահայտում է այն մտահոգությունը, որ բռնությամբ անհետացումը շարունակում է ամբողջ աշխարհում օգտագործվել որպես ճնշման, տեռորի մեթոդ, և որ միասին կարող ենք և պետք է վերջ դնենք բռնությամբ անհետացմանը։

Այո՛, միասին և գործուն քայլերով է պետք պայքարել այս չարիքի դեմ։ Բայց ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ անհետացած մեր հայրենակիցների ազատազրկման փաստը ժխտելու, նրանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելու Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագիծը չի դատապարտվում մարդու հիմնարար իրավունքների պահպանմանը հռչակագրային մակարդակով այդքան մեծ կարևորություն տվող միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Արդյունքում Ադրբեջանը մարդկության դեմ հերթական հանցագործությունն է իրականացնում, իսկ միջազգային կառույցները համբերատար լռում են», – գրել է Թովմասյանը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ