14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Չեմ զարմանա, եթե Նիկոլը հայտարարի՝ ժողովուրդ, փախչելու ճանապարհներ գիտեմ Հայաստանից». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ադրբեջանական զորքերին ոչնչացնելու ցանկություն ՀՀ իշխանությունները չունեն, թեպետ օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել է ոչնչացնել, կիրառել բոլոր միջոցները։ Նախարարի այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը Սյունիքում երկու կարևոր նշանակության ճանապարհ է փակել, որոնցից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան:

«Երբ ասում են՝ մեր տարածք, պետք է հարցնենք, թե «մեր տարածք» ասելով՝ ինչ նկատի ունեն, Երևա՞նն է «մեր տարածքը», որովհետև ՀՀ ինքնիշխան տարածք վաղուց են մտել: Նման դեպքերում հայտարարություններ չեն արվում, գործողություններ են արվում, իսկ հիմա ոչինչ չի արվում՝ բացի հայտարարություններից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 Մինչ Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հիշեցնում էր, որ կա այլընտրանքային գրունտային ճանապարհ, իսկ այսօր արդեն նշեց, որ Ադրբեջանի կողմը փակել է Էյվազլիի և Չայզամի ճանապարհները, և դրանց բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ:
 

Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ եթե Նիկոլ Փաշինյանի անունը չհնչեր, կհասկանայի՞ք, որ սա հայկական պետության ղեկավարի արած հայտարարություն է, ինչո՞ւ է հայկական տեղանունների ադրբեջանական անվանումները գործածում Փաշինյանը:

«Ես չեմ զարմանում, և չեմ էլ զարմանա, եթե մի օր էլ էդ նույն Նիկոլը հայտարարի՝ ժողովուրդ, փախչելու ճանապարհներ գիտեմ Հայաստանից: Ի՞նչ է նշանակում՝ կա այլընտրանքային գրունտային ճանապարհ: Այսինքն՝ հանրապետության կենսական նշանակության կոմունիկացիաները փակում են… եթե դելիմիտացիա և դեմարկացիա անելուց հետո դա լիներ, ես կասեի՝ դե, երևի թե այդտեղ սահմանային գոտի է, սահմանի ապօրինի խախտումներ թույլ չտալու համար այդ մարդիկ վերահսկում են իրենց ճանապարհները, բայց այս իրավիճակում նման քամահրանքով վերաբերվել ՀՀ քաղաքացիների կենսական խնդիրներին, էլ չեմ ասում՝ անվտանգությանը, ուղղակի աբսուրդ է»,- ի պատասխան՝ ասաց Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը դիտավորյալ է ադրբեջանական անվանումներն օգտագործում:

«Դա դիտավորյալ է անում, որպեսզի իրեն ընտրող մարդկանց մոտ, ովքեր, պարզ է՝ բարձր ինտելեկտից ելնելով չէ, որ Նիկոլ են ընտրել, նրանց մոտ տպավորվի, թե նախկին ադրբեջանական տարածքներ են, բա ի՞նչ անենք: Այսինքն՝ նա շատ լավ գիտի՝ ում համար է անում այս պրիմիտիվ մանիպուլյացիաները»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց, որ նախկիններն են մեղավոր, որ ժեխ անվանումը ստացած մարդիկ դպրոց չեն գնացել, նա արձագանքեց. «Այդ մարդիկ դպրոց են գնացել, նրանցից շատերը բարձրագույն կրթության դիպլոմներ հաստատ ունեն, բայց դա դեռևս չի նշանակում՝ հայրենասեր, հայրենիքի համար մտահոգ, իր շրջապատի, ընտանիքի, պետության համար մտահոգ մարդիկ են: Ես չեմ մեղադրում այդ մարդկանց, նրանք մեր պետության քաղաքացիներն են, նրանց մեջ գուցե ինձ շատ մտերիմ մարդիկ էլ լինեն, բայց այստեղ ամբողջ խնդիրը մոտեցումների մեջ է՝ ով ինչպես է մոտենում հարցին: Եթե մարդու համար նշանակություն չունի՝ որտեղ է ապրում՝ Հայաստանո՞ւմ, թե՞ այլ երկրում, բնականաբար, նրա մոտեցումն էլ է այդպիսինը լինելու:

Ցավոք, մեր հասարակության մեջ կան այդպիսի մարդիկ: Չնայած կրթական ցենզը ևս ազդեցություն թողնում է հասարակության համահավաք գիտակցության, հոգեկերտվածքի, քաղաքացիական գիտակցության վրա, բայց տվյալ պարագայում գործ ունենք խնդիրների հետ, որոնք քաղաքական էլիտայի կողմից պետք է լուծվեն, բայց, ցավոք, մենք քաղաքական էլիտա չունենք, ունենք ամբոխ՝ փողոցից եկած, որոնք իշխանազավթել են և շարունակում են իշխանազավթման միջոցով զրոյից ցածր նիշի հասցնել ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը»:

Արտակ Զաքարյանը նկատեց՝ անելանելի վիճակներ չեն լինում. «Էդ, որ մոտ երկու տարի փողոցներում գոռում-գոչում էին՝ ելք կա, հիմա էլ ելք կա, իսկ իրենք բոլոր տեսակի ելքերը եկան՝ փակեցին, Արցախի Հանրապետությունն ընդհանրապես կործանման հանգեցրին, մեծ հարցական դրեցին Արցախի ինքնորոշման վրա, դարձրին տարածքային վեճ և դրանում ներգրավեցին արդեն ուժի այլ կոմպոնենտներ, տարածքային, մարդկային մեծ կորուստների հասցնելով, մեր պաշտպանական համակարգը փշրելով, իրենց տգետ և դիտավորյալ ձախողված պատերազմի չկառավարման միջոցով, և արդյունքում հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը»:

Նա ընդգծեց. «Ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել, որ պետությունը վարի տա: Դու գնայիր ասեիր՝ ժողովուրդ, ինձ ընտրեք, ես պետությունը վարի եմ տալիս, տես ձայն էին տալո՞ւ: Գնացել, խաբել ես էդ մարդկանց, մի հատ էլ են հավատացել, միամիտ մարդիկ են, հիմա էլի վարի ես տալիս պետությունը: Արդեն պարզ է, որ սրանք այս պետության համար չեն իշխանություն, բայց մեր քաղաքացիները, որ տեսնում են այս ամենը, էլ ո՞ւմ են սպասում, սպասում են, որ լա՞վ է լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ