15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խմբակային խուլիգանություն՝ ԱԺ դահլիճում. տուրուդմփոցի երկրորդ «սերիան». «Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում սկսվեց նախորդ օրը տեղի ունեցած տուրուդմփոցի երկրորդ «սերիան»: Այս անգամ ոչ թե քաշքշոցներ էին, այլ իսկական ծեծկռտուք. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարձակվել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա:

Իսկ ինչի՞ց սկսվեց խորհրդարանի ծեծ ու ջարդը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առավոտյան փորձում էր ելույթ ունենալ ու մեղադրել նախկիններին բանակից մարդկանց ազատելու, հայրենիքը դավաճանելու համար։

Վերջինս իր ելույթի ողջ ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին էր նայում, մեղադրանքներ հնչեցնում, իսկ վերջում էլ «արա»-ով դիմեց, ինչը հունից հանեց Օհանյանին: Վերջինս սեղանից վերցրեց ջրի շիշն ու նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

Դրանից հետո սկսվեց «շշերով պատերազմ». ՔՊ-ականները սկսեցին ջրի շշեր նետել միմյանց վրա, ու ՔՊ-ի գլխավոր կռվարարներն անցան «գործի»: Երեկվա ծեծկռտուքի գլխավոր «հերոսը» կրկին ծովագյուղցի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն էր, որին միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը: Վերջիններս իրենց «նետեցին» ընդդիմության կողմը ու սկսեցին աջ ու ձախ հարվածներ հասցնել, ՔՊ-ական «հերոսներին» սկսեցին միանալ քավոր Վահե Ղալումյանը, Նարեկ Բաբայանը, Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը:

Կռվի առաջին «ռաունդում», չգիտես ինչու, ՔՊ-ականներին չէր հաջողվում հանդարտեցնել երբեմնի չխոսացող, նախկին լրագրող Արեն Մկրտչյանին, ՊՊԾ-ականներին հաջողվեց ԱԺ դահլիճից դուրս հանել նրան, երբ արդեն Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը նրանց հրավիրել էր նիստերի դահլիճ՝ իրավիճակը հանդարտեցնելու: Ի դեպ, ողջ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դահլիճում հետեւում էր այդ խայտառակությանը:

Երբ արդեն Սիմոնյանը հասկացավ, որ այլեւս անհնարին է շարունակել, ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո, երբ պետք է օրենսդիրները վերադառնային բնականոն աշխատանքի, պարզվեց՝ հրահանգ է իջեցվել՝ ոչ թե իրար քաշքշել, հայհոյել, այլ ուղղակի ծեծել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Ու երբ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էր ելույթ ունենում, ՔՊ-ի «կարկառուն» կռվարար Վահագն Ալեքսանյանն իրեն նետեց Հակոբյանի վրա ու ոտքերով սկսեց հարվածել:

ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Հրաչյա Հակոբյանը, Նարեկ Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Սարգսյանը հարձակվեցին եւ նախ ծեծեցին Վահե Հակոբյանին, ապա նույն խմբակով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին:

Միայն այս ծեծից հետո Ալեն Սիմոնյանը հրահանգեց ՊՊԾ-ին թույլ տալ մտնել ԱԺ դահլիճ, մինչ այդ, առանց «խոչընդոտի», ընդդիմությունը բռնության ենթարկվեց: Ծեծողներն էլ գրեթե ամեն հարվածից նայում էին վարչապետի ուղղությամբ՝ կարծես հասկանալու համար, թե որքանով լավ են կատարում ստացած հրահանգը: Ողջ ընթացքում փողոցային հայհոյանքներ էին հնչում՝ առանց հաշվի առնելու, որ ԱԺ կին պատգամավորները ԱԺ դահլիճում էին:

Խորհրդարանի տարբեր անկյուններում ՔՊ-ականները հարվածում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. Սերգեյ Մովսիսյանն ու Մաթեւոս Ասատրյանը հարձակվել էին Արթուր Ղազինյանի վրա, մի հատվածը հարվածում էր Արթուր Խաչատրյանին, մի խոսքով, փողոցային «բազար» էր: Ի վերջո, նորից հայտարարվեց ընդմիջում, ՔՊ-ականները հասան իրենց նպատակին ու հանդարտվեցին, իսկ արդյունքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնվեց հիվանդանոցում` աչքի հատվածում վնասվածքով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պարզել, թե ինչու երկրորդ անգամ, երբ խորհրդարանում իսկական ծեծ սկսվեց, ՊՊԾ-ն ուշ դահլիճ մտավ, այն էլ՝ առանց բարձրախոսով հրավերի, արդեն Վահե Հակոբյանին ու մյուսներին ծեծել էին, եւ, ընդհանրապես, ինչու է իր լիազորության շրջանակներից դուրս որոշում ՊՊԾ-ին դահլիճ հրավիրել, Սիմոնյանն ասաց, որ ինքը հարցազրույցներ չի տալիս եւ վերջ:

Իսկ ինչ վերաբերում է իրավապահ կողմին, ապա նրանք անելիքներ ունեն, քանի որ երեկ տեղի է ունեցել հանցագործություն: Հավելենք, որ ՀՀ դատախազությունը ԱԺ ծեծկռտուքի կադրը ուղարկել է ՀՔԾ՝ քրգործի շրջանակներում դիտարկելու համար: Իրավաբանները վստահ պնդում են, որ իշխանական պատգամավորները 2-րդ «ռաունդում», ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, խուլիգանություն են արել, որը «կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»:

Այս արարքի համար օրենսդիրը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Սպասենք հետեւանքներին եւ տեսնենք, թե քրեական գործը ինչ ուղով կընթանա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ