Մի բնակիչ էլ մնա՝ պայքարելու են Գնդեվազի համար
“Կարելի է ասել, որ դա պայմանական դրական եզրակացություն է, քանի որ “Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ-ը 6 պայման էր դրել ընկերության առջեւ, որոնք կատարելուց դեպքում կարող էին դրական եզրակացություն տալ: Մենք ուսումնասիրել ենք այդ պայմանները: Հասկանալի է, որ եթե պայմանները կատարված լինեին, ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել: Ընդհանրապես, Ամուլսարի հանքավայրի հասարակական լսումներն անցել են աննախադեպ ճնշման տակ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրին: Սա դժգոհություններ է առաջացրել բնապահպանների, Գնդեվազ գյուղի բնակիչների մոտ:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ օրենքով արգելվում է Կարմիր գրքում գրանցված բույսերի տարածքում ընդերքօգտագործում իրականացնել:
“Մինչեւ Ամուլսարի հարցով հանրային լսումներ սկսելը, կառավարությունը հստակեցրել է օրենսդրությունը, որ ընդերքօգտագործում հնարավոր է, եթե Կարմիր գրքում ամրագրված բուսատեսակները տեղափոխվեն այլ տարածք, օրինակ՝ Բուսաբանական այգի: Բայց նման դեպքում կարեւորը ոչ թե բուսատեսակներն են, այլ այն տարածքը, միկրոկլիման, որտեղ աճում են այդ բուսատեսակները”,-ասաց նա:
Գնդեվազ գյուղի բնակչուհի, լրագրող Թեհմինե Ենոքյանն էլ ասաց, որ հանքավայրը շահագործող “Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ”-ի դուստր “Գեոթիմ” ընկերությունն գնդեվազցիներին առաջարկում է գումար՝ հողատարածքները վաճառելու համար:
Գյուղացիների մի մասը համաձայն է, մյուսը պայքարում է: “Բայց եթե մնամ միայն ես էլ միակ բնակիչը այդ գյուղի՝ բողոքելու եմ դատարան, մինչեւ Եվրոդատարան”,-ասաց նա: