14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։

Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։
Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ ձևակերպումներով դահլիճում և ԱԺ աշխատանքներին հետևող հանրության մոտ փոխեց տրամադրությունները։ Նույնիսկ ՔՊ-ականները, որոնք պետք է ժանրի կանոնների համաձայն հարձակվեին, այդ մթնոլորտում հանկարծ դարձան աշխատանքային-քննարկումային՝ կորցնելով իրենց ֆունկցիոնալ միակ՝ հարձակվելու նշանակությունը։
2018-ին հասարակությունը սպասում էր փոփոխությունների՝ դեպի ավելի արդար, ավելի լավ պետության։ Հիմա պատկերացրեք, եթե «սարանչայի» ավերիչ ալիքի փոխարեն ընտրվեր գրագետ- աշխատանքային տարբերակը, եթե բռնել-ծեփելու մոլուցքի փոխարեն ընտրվեր խելոք մարդկանց հետ աշխատելու տարբերակը։ Ո՞րն էր շահը՝ ամեն խելոք մարդու մեջ թշնամի ու հակահեղափոխություն տեսնելու։ Մենք հոգնել ենք «բերման ենթարկելու» սպառնալիքներից։ Երկիրը սկսել է ճկվել այդ անմիտ սպառնալիքների տակ։ Արդեն երեք տարի է՝ մեր երկրում բերման է ենթարկվում կամ առնվազն պետական ինստիտուտներից հեռու վանվում գրագետ միտքը, գիտելիքը, փորձը… Հետևանքները բոլորս տեսանք։

Երեք տարի մեր պետությունում եղել է երեկ առավոտյան ԱԺ-ում տիրող մթնոլորտը։ Այդ վիճակում բնական է, որ պետությունը պետք է քանդվեր։
Պատերազմից ամիսներ առաջ մոտ 20 հոգի ամենօրյա ռեժիմով զգուշացնում էինք, որ այս քաղաքականությունը տանում է պատերազմի, զգուշացնում իրական պատերազմի մասին։ Մեր ձայնը չի լսվել։ Այն ժամանակ դեռ կար պատերազմից խուսափելու հնարավորություն։
Արմեն Գևորգյանի երեկվա երկու ելույթը ամբողջական կառավարության ծրագիր էր, բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Այդ ելույթն ակնհայտ դարձրեց, որ դահլիճի ՔՊ-ական հատվածում կան ոչ քիչ թվով մարդիկ, որոնք գրագետ ու զուսպ աշխատանքի կողմնակիցն են, որոնք հասկանում են, որ պետությունը պատմական ռիսկերի առաջ է կանգնած, ու 2018-ի պատկերացումներով առաջ չես շարժվի, կվթարվես երկրորդ անգամ։ ՔՊ-ում ակնհայտորեն կա մի հատված, որին էժան բառապաշարը և տգիտությունը ոչ միայն հոգնեցրել են, այլև արդեն թվում են անընդունելի։
Ուրեմն սա շանս է։

Նույն ԱԺ նիստի սոլիդ հատվածում Արթուր Վանեցյանը կանգնեց իր թիմակցի կողքին՝ բավականին գրագետ ձևով։ Նրա խոսքից ագրեսիայի փոխարեն լրջություն էր գալիս։ Իսկ եթե նույն Վանեցյանի «Կանգ առ» զգուշացումը երկու տարի առաջ լսեին, գուցե պատերազմ չլիներ։ Ինչո՞ւ ենք վախենում կանգ առնել սխալ ճանապարհին, դեռևս վրա չհասած աղետի ճանապարհին։

Այս ԱԺ-ն իր աշխատանքները սկսել է մի շատ հետաքրքիր ելույթով՝ նախագահ Արմեն Սարգսյանի։ Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նրա գործունեությանը, պետք է անկեղծ լինենք ու արձանագրենք՝ լուրջ, հեռանկարային խոսք էր, որն, այնուհանդերձ, չստացավ անհրաժեշտ ընկալումը, թեև դա ելույթ էր պետության ապագայի մասին։
Մենք հիմա պատմություն դարձած անցյալի ու ներկա աղետի խաչմերուկում ենք ու չենք ուզում դուրս գալ այնտեղից։

ԱԺ-ից դուրս այսօր կա զգալի ինտելեկտուալ պոտենցիալ՝ մարդկանց, ովքեր գրում են, խոսում են, ծրագիր են մշակում, ծանոթ են միջազգային զարգացումներին, ունեն լավ կապեր միջազգային հարթակներում և այլն։
Նրանց ձայնն էլ հաճախ չի լսվում։ Նրանց խոսքը չի դառնում պետական քաղաքականություն կամ հանրային կարծիք։ Փոխարենը բարոյահոգեբանականարգելակներ չունեցող որևէ ծղրտոց՝ լինի դա ԱԺ ելույթ, հարցազրույց, թե այլ բան, դառնում է օրվա թոփը։

Վստահաբար՝ այսօրվա Հայաստանի այս վիճակը երկար չի շարունակվելու։ Մեր դիմաց իրական մարտահրավերներ են՝ շատ ծանր, շատ բարդ։ Պոպուլիզմով ու հայհոյանքով լուծում չկա։ Պոպուլիզմն ու հայհոյանքն արդեն սկսում են հոգնեցնել լայն հասարակությանը՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Սա հուշում է այն մասին, որ շատ արագ ձևավորվելու է նոր հանրային պահանջ՝ նոր քաղաքական հոսանքի։ Դրա ձևավորումը լինելու է շատ բնական ու տեսանելի։ Այն չի լինելու անհատի կամ քաղաքական նախասիրությունների հիման վրա։ Այն լինելու է ասելիքի և մտածողության որակի հենքի վրա։ Ի վերջո՝ սոլիդ Հայաստանը պետք է հաղթի»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ