Արմեն Գևորգյանը «մի քիչ» տարօրինակ է համարում, որ նախորդ շաբաթ իր բացակայությունը հարգելի ճանաչած դատարանն այս շաբաթ իրեն «բերման ենթարկելու» որոշում է կայացրել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ճեպազրույցում արձագանքեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը՝ իր և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական հաջորդ նիստին իրեն բերման ենթարկելու վերաբերյալ։
Գևորգյանը նշեց, որ դատարանը պատշաճ տեղեկացված է եղել ԱԺ նիստերին իր մասնակցության մասին և նախորդ շաբաթ իր բացակայությունը «հարգելի» է ճանաչել, անգամ փաստաբանից հետաքրքրվել է, թե որքան են շարունակվելու ԱԺ նիստերը։ Արդեն այսօր, չնայած այն հանգամանքին, որ իր բացակայության պատճառը չի փոխվել, իսկ փաստաբանն էլ «Հայաստան» խմբակցությունից հատուկ գրություն է տարել դատարան՝ փաստող, որ ինքը մասնակցում է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանին, դատավորը կտրուկ փոխել է դիրքորոշումը՝ բացակայությունը համարելով «անհարգելի» և հայտարարելով իրեն «բերման ենթարկելու» մասին։
«Եթե դատարանը ցանկություն ունի, այնուամենայնիվ, որ ես հաջորդ շաբաթ նիստին ներկա լինեմ, կգնամ, ներկա կգտնվեմ՝ անկախ բոլոր հանգամանքներից։ ․․․Ինձ պարտադիր չէր «բերման ենթարկել»։ Ընդամենը դատարանը կարող էր, եթե իմ ներկայությունն ապահովելու այդպիսի անհրաժեշտություն կար, ընդմիջում հայտարարել, կապվել ինձ հետ, ասել, որ դատարանն անհարգելի է գտնում իմ բացակայությունը, խնդրել ներկայանալ։ Այդ պարագայում, կարծում եմ, որ հարգելով դատարանին, երևի այդ հնարավորություը կունենայի գնալու», – ասաց Գևորգյանը։