Սելավ Ագարակում. քաղաքը ջրազրկված է
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը այսօր` հունիսի 29-ին ջրազրկվել է: Պատճառը, ըստ ագարակցիների, տեղացած հորդ անձրեւն է: Ամեն անգամ տեղումների ժամանակ նման իրավիճակ է ստեղծվում: “Դժվա՞ր է ներդրումներ անել նաեւ մեր քաղաքում, մի գրամ ջուր չունենք, ուր ա գնում մեր փողերը, մեզնից վերցնում գումարները` սեփականատերը այլ մարզերում է ներդրում անում”,-ասացին Henaran.am-ի խմբագրություն զանգահարած ագարակցիները: Անելանելի վիճակում են հայտնվել նաեւ Ագարակի հիվանդանոցի եւ մանկապարտեզի աշխատակիցները:
“Հայջրմուղկոյողու” հարավային մասնաճյուղի Մեղրիի կառույցի տնօրեն Հայկ Աղամալյանը Henaran.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ սա առաջին դեպքն է, որ քաղաքը ջրազրկվում է: “Չափազանցված են լուրերը, ամեն անգամ հո անձրեւ գալուց սենց չի լինում: Ուղղակի սելավ էր եւ ջրամբարի սյունն է կոտրվել, ջրերը խառնվել են իրար”,-ասաց պատասխանատուն: Նրա խոսքով` այս պարագայում` նախընտրելի է մի քանի ժամով ջրազրկել քաղաքը, քան պղտոր ջուր մատակարարել: