Այսօր, 17:26 Պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին:
Կառավարության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին՝ նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ ընդգծելով, որ վերջինիս հետ կքննարկեն հետագա համագործակցության ճիշտ և արդյունավետ ձևաչափ գտնելու հարցը:
Նիկոլ Փաշինյանն այնուհետև շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և խոսել նշանակման հետ կապված մամուլում հնչած արձագանքների մասին. «Պարոն Խաչատուրյանն այն սերնդի ներկայացուցիչն է, ովքեր Կարեն Դեմիրճյանի առաջնորդության ժամանակներում անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի արդյունաբերականացմանը: Եվ ուզում եմ ընդգծել այս համատեքստը, որ խորհրդային ժամանակներում՝ 70-ականներին և 80-ականներին, Հայաստանի Հանրապետությունն, իրոք, այն ժամանակվա չափանիշներով եղել է բարձր արդյունաբերական երկիր»:
Վարչապետի խոսքով, չնայած այսօրվա միջավայրն էականորեն տարբերվում է այն ժամանակվա միջավայրից, այնուամենայնիվ նախարարության ստեղծման նպատակը եղել է նաև Հայաստանը բարձր արդյունաբերական երկիր դարձնելը. «Նաև սա է պատճառը, որ կարևորում և առաջնահերթություն ենք համարում մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը և պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունն սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ: Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով: Իհարկե, հասկանալի է, որ սա ոչ միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգն է, դա ամբողջ կառավարության և մեր պետական համակարգի օրակարգն է:
Նաև հույս ունեմ, որ 21-րդ դարում ի հայտ եկած տեխնոլոգիական նոր ուղղությունները՝ թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ոլորտի բավական լավ դինամիկան, որ մենք այսօր ունենք Հայաստանում, այդ ամենը նախարարը կկարողանա համադրել և ոլորտի առաջամարտիկներին համախմբել նախարարության շուրջ, ընթանալ արդյունավետ քայլերով դեպի այդ նպատակի իրագործումը»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է կատարված աշխատանքի շարունակականության ու ժառանգականության ապահովման սկզբունքը. «Բնականաբար, յուրաքանչյուր գործիչ, յուրաքանչյուր պաշտոնյա ունի նաև իր անհատական մոտեցումը, անհատական ձեռագիրը: Բայց նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում լինի շարունակական, և մենք կարողանանք նույն ուղղությամբ շարժվել՝ ավելի արդյունավետ, ավելի մեծ քայլերով և օրակարգը հարստացնել ու ավելի նպատակաուղղված դարձնել մեր գործողությունները»:
Հայկ Չոբանյանն իր խոսքում նշել է, որ այս ամիսների ընթացքում նախարարության աշխատակազմին հաջողվել է ձևակերպել հիմնական սկզբունքներն ու ռազմավարական ուղղությունները, որոնք հենված են մի քանի կարևոր սյուների վրա: «Առաջինը՝ Հայաստանի ապագան, հաջողությունը և հաղթանակը մեծապես պայմանավորված է հենց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հետ։ Այդ ոլորտի ներկայացուցիչները՝ նախարարությունից, խոշոր ձեռնարկություններից, մեր խոշոր ձեռներեցներից մինչև ստարտափեր և դպրոցահասակ երեխաներ, ովքեր երազանքով ինժեներությամբ են զբաղվում և իրենց ապագան կերտում, այդ մարդկանցից ու բոլորից է իրականում կախված, և նախարարությունը պետք է իր առաջնորդությունն անի այդ կոնտեքստում»։
Կարևորելով Սփյուռքի, հատկապես՝ տեխնոլոգիական համայնքի էական ու հանգուցային նշանակությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում, Հայկ Չոբանյանը նշել է. «Մենք այս ոլորտը դիտարկում ենք և այս ամիսների ընթացքում քննարկել ենք որպես ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական ոլորտ, և դա ևս պայմանավորված է Սփյուռքի մեծ դերակատարությամբ, որովհետև մեր ձեռնարկությունների մեծ մասը կամ Սփյուռքի մասնակցություն ունեն կամ գլխամասերը գտնվում են Սփյուռքում, մասնաճյուղերը՝ Հայաստանում, և անհնար է առանց այս մոտեցման առաջ գնալ մեծ հաջողությունների հասնելու համար»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը նախ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և նշել. «Ես հասկանում եմ, թե ինչ պատասխանատու աշխատանքի եմ անցել և, թե ինչ սպասելիքներ կան։ Բոլորս հնարավորություն ունենք մասնակցել Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Իմ նախկին գործունեությունն ուղղված է եղել միայն դրան՝ անկախ նրանից, թե ես ինչ կարգավիճակով եմ եղել։ Այժմ այն կարգավիճակում, որում հայտնվել եմ, շատ ավելի պատասխանատվություն եմ զգում։ Եվ այն սպասելիքները, որոնք ունի կառավարությունն իր ծրագրերում և այն սպասելիքները, որ հասարակությունն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, մենք ուղղակի պարտավոր ենք դրանք իրականացնել:
Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք և համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք»:
Վահագն Խաչատուրյանի հավաստմամբ, կառավարության բոլոր ռազմավարական ծրագրերը շարունակական կլինեն և այն, ինչ արվել է նախկին ղեկավարության ժամանակշրջանում, կառավարության աջակցությամբ կշարունակվեն և կհասցվեն իրենց հանգրվանին:
Ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մի քանի դիտարկում է կատարել՝ կապված աշխատատեղերի համալրման, մասնագետների վերապատրաստման, միջոլորտային համագործակցության հետ: