Մեզ վերապահված է մեր տղաների դիմաց ականազերծման քարտեզներ հանձնողի կարգավիճակը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Կապիտուլյանտական պայմանագրի ստորագրումից ու ռազմական գործողությունների ավարտից անցել է արդեն ավելի քան ութ ամիս, մինդեռ Բաքվի բանտերում շարունակում են տաժանակրի կյանքով ապրել մեր զինվորականները, որոնց փրկության հետ կապված հույսերը կախված են մեր դաշնակցի՝ Ռուսաստանի ունեցած պահվածքից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«ԱՍՊԱՐԵԶ ԵՆ ՄՏՆՈՒՄ․․․ ԽՈՀԱՐԱՐՆԵ՞ՐԸ
Զանգվածային լրատվության ադրբեջանական միջոցները «շողշողում» են հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դատավարության մասին աղմկող վերնագրերով, որոնցում մեր տղաները ներկայացվում են որպես խոշտանգիչներ, ահաբեկիչներ, զինվորական ստորաբաժանումների կազմում հանդես եկած դիվերսանտներ։
Կապիտուլյանտական պայմանագրի ստորագրումից ու ռազմական գործողությունների ավարտից անցել է արդեն ավելի քան ութ ամիս, մինդեռ Բաքվի բանտերում շարունակում են տաժանակրի կյանքով ապրել մեր զինվորականները, որոնց փրկության հետ կապված հույսերը կախված են մեր դաշնակցի՝ Ռուսաստանի ունեցած պահվածքից։
Թե որքան երկար կշարունակվի այս ֆարսը, դժվար է ասել, սակայն կա ստորագրված եռակողմ համաձայնագիր, որում հստակ արձանագրված է ռազմագերիների փոխանակման մասին «բոլորին՝ բոլորի դիմաց» դիրքորոշումը, և որում հայկական կողմն անհասկանալի տրամաբանությամբ «հաջողացրեց» ներառել Հայաստանի Հանրապետության տարածքում սպանություններ իրականացրած, ցկյանս բանտարկված, ծագումով ու քաղաքացիությամբ ադրբեջանցի անձանց։
Ռազմագերիների վերադարձով զբաղվում են Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարն ու ռուսական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, իսկ մեզ, լինելով եռակողմ պայմանագիրը ստորագրած կողմ, վերապահված է դիտորդի, գերության մեջ հայտնված մեր տղաների դիմաց ականազերծման գաղտնի քարտեզներ հանձնողի կարգավիճակը։
Չմտնելով գործընթացի մանրամասների մեջ՝ վստահաբար կարելի է ասել, որ մեր դաշնակիցն այլ հարցերում էլ է մնում իր «ռազմավարական բարձրության» վրա։ Ասում են, որ խաղաղապահների հրամանատարն արդեն իսկ հրաշալի կողմորոշվում է հայկական ու ադրբեջանական խոհանոցի նրբությունների մեջ ու երկու ժողովուրդների հաշտեցման շրջանակներում անգամ պատրաստվում է Արցախում կազմակերպել․․․ խոհարարների մրցույթ։ Սակայն սա էլ կլինի կանխորոշված ելքով մրցակցություն, քանզի գնային առումով հայկական կոնյակի ու ադրբեջանական սև խավիարի անհամարժեքությունը նրանց դարձնում են քաշային անհավասար մրցակիցներ։ Եվ այսուհանդերձ չի կարելի կորցնել արժանապատվության զգացումն ու կարծել, թե ամեն ինչ պայմանավորված է «ցարին» մատուցվող նվերներով՝ բախշիով»,- նշված է հայտարարության մեջ։