Հայաստանը չի պատասխանում մեր դրական ուղերձներին. Թուրքիայի արտգործախարար
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը քննարկվել է Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ելույթում ասել է, թե Հայաստանը չի պատասխանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերին՝ ավելացնելով, որ Հայաստանի՝ 2015-ին ընդառաջ քայլերը մտահոգիչ են, գրում է Ermenihaber.am-ը:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր ցանկությունը չի փոխվել: 2015-ին ընդառաջ Հայաստանը Թուրքիայից գնացող բարի նպատակ ունեցող ուղերձներին դրական պատասխան չի տալիս, փոխարենը ողջ էներգիան կենտրոնացնում է 1915-ի դեպքերի հետ կապված գործունեության վրա»,- ասել է թուրք նախարարը:
Թուրքական «Ուլուսալքանալ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ չի շրջանցվել նաև Դողու Փերինչեքի գործով դատավարության թեման: Չավուշօղլուն շատ կարևոր է համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած վճիռը, որով ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի հայտարարությունները դիտարկվել են խոսքի ազատության շրջանակներում:
«Շվեցարիա-Փերինչեք գործով դատավճիռը ցեղասպանության կեղծ դրույթների 100 ամյակում Թուրքիայի կարևոր հաղթաթղթերից է: Այս և հաջորդ տարի Թուրքիայում Փերինչեք-Շվեցարիա դատավարության մասին շատ է խոսվելու»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը նշել է նաև, որ իրենք Ադրբեջանի հետ մշտական կապ են պահպանում՝ առաջնահերթ նպատակ ունենալով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ermenihaber.am