Կարտոֆիլն ու սխալ կանխատեսումը
Հայաստանից այս տարի արտահանված 6,5 հազ. տ պտուղ-բանջարեղենի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ծիրանի բերքը՝ 4 հազար տ:
Այսօր լրագրողներին տեղեկացնելով այս մասին` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այդ ցուցանիշն ավելի կմեծանա:
Գյուղատնտես Հ. Բերբերյանին փոխնախարարը ՛՛գյուղատնտեսության Նոստրադամուս՛՛ անվանեց՝ լրագրողներին հիշեցնելով, որ Հրաչ Բերբերյանը ժամանակին կանխատեսել էր, թե իբր ծիրանի բերք չի լինելու եւ արտահանում էլ չի լինելու, մինչդեռ ականատես ենք լինում հակառակին:
Գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ՝ Երեւանի Կասյան փողոցի վերին հատվածում անցյալ տարի գործող եւ ժամանակավորապես դադարեցված գյումթերքի տոնավաճառը հունիսի 30-ից կրկին կսկսի գործել, եվ շաբաթ-կիրակի օրերին մայրաքաղաքի բնակիչները կկարողանան անմիջապես գյուղացուց գնումներ կատարել:
Ի դեպ, Հրաչ Բերբերյանին փոխնախարարը հիշեց նաեվ կարտոֆիլի իրացմանն անդրադառնալիս:
Այն, որ գյուղացիներն այսօր կանգնած են կարտոֆիլի իրացման դժվարության առաջ, փոխնախարարը համարում է սխալ կանխատեսման հետեւանք: Պարզվում է՝ նույն Հրաչ Բերբերյանը կանխատեսել էր, որ ամռանը կարտոֆիլը դառնալու է 300-400 դրամ, գյուղացիներն էլ աշնանը հրաժարվել էին կարտոֆիլը վաճառել Կասյան փողոցի մերձակա տարածքում կազմակերպված գյուղմթերքի տոնավաճառում: