24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի նենգ խաղը. նա որոշել է զորացրելով՝ վերջնականապես ազատվել Գրիգորի Խաչատուրովից

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում:

Նշենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

 
 

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն, ինչպես վերջերս համոզվեցինք Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ըստ էության, Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել էր բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, որն արդեն, կարելի է ասել, «թղթի վրա է»:

Ավելի վաղ գրել ենք, որ եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու: Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Նախքան ընտրությունները շատերը վստահ էին, որ 3-րդ բանակային կորպուսը՝ Գրիշա Խաչատուրովի գլխավորությամբ, Տավուշից դիրքերի կորուստ թույլ չի տալու: Սրանում ոչ մի կասկած, պարզապես նման հարցերն այսօր որոշվում են քաղաքական և դիվանագիտական դաշտում՝ փակ գաղտնի ռեժիմով, և հետո իշխանությունները կփորձեն ազատվել գեներալից և Տավուշի ուղղությամբ սկսել համապատասխան գործընթացներ: Այս մասին մենք բազմիցս ենք գրել:

Հավելենք, որ մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզում՝ Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում, Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան, այսօր անցնում է մեր սահմանով, մինչ այդ անցնում էր Ադրբեջանի սահմանով:

 

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն փորձառու գեներալներից, ով ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ, և երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտարարություն էր տարածել և հաստատել իր պահանջը:

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:

Յուրաքանչյուր օր, ժամ, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:

Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Գրիգորի Խաչատուրովի հայտարարության մեջ:

Ի դեպ, վերջերս ադրբեջանական caliber.az-ը ռեպորտաժ էր արել, որտեղ ասվում էր, թե «ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»:

Գրիգորի Խաչատուրովից ազատվելը, ըստ էության, ադրբեջանափաշինյանական ծրագրի մաս է, որի հետևանքները դեռ կտեսնենք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ