ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել․ «Իրավունք»
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բացահայտ սկսել են աշխատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն ներում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա՝ սպասել ևս մեկ տարի և Երևանի ավագանու հերթական ընտրությունների ժամանակ նոր ՔՊ-ական քաղաքապետ ընտրել, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ քանի «գործներն աջ է գնում», աշունն էլ կազմակերպել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ հասնելով նրան, որ Մարդւթյանն ինքնակամ հրաժարական տա:
Երկու սցենարի դեպքում էլ՝ ՔՊ-ն արդեն իսկ ունի իր համար ցանկալի նոր քաղաքապետի թեկնածու՝ ՔՊ նախընտրական ցուցակում տեղ գտած գործարար Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը՝ Գռզոն: Սրանով ՔՊ-ականները միանգամից երկու հարց են լուծում՝ նախ կստացվի այնպես, որ իրենց խոստմանը համաձայն օլիգարխներ չեն լինի խորհրդարանում, մյուս կողմից էլ կիրականանա Սուքիասյանի վաղեմի երազանքը՝ նստել այն պաշտոնին, որում եղել է Վանո Սիրադեղյանը»,-գրում է թերթը։