24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։
«Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի

Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու և երաշխավորելու ազգանպաստ լուծումները կենսական այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի, Արցախի և հավատավոր մեր ժողովրդի անվտանգությանը, ազգային ինքնության և արժեհամակարգի պաշտպանությանը, կրթությանը, մշակույթին, հանրային համերաշխությանը և համազգային ընդգրկում ունեցող այլ խնդիրների։

Մայր Աթոռը և մեր Եկեղեցու հոգևոր ողջ դասը իր դիրքորոշումներն ու մտահոգությունները պարբերաբար արտահայտել է նման կարևորագույն հարցերի վերաբերյալ և այսուհետ ևս հետևողական է լինելու հիշյալ ոլորտներում պետական, ազգային և հոգևոր առաջնային շահերի պաշտպանությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դրական է գնահատում հանրահավաքի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկ կատարած անդրադարձը համերաշխության, միաբանության, համազգային ողջ ներուժի համախմբման կարևորությանը հայրենիքի անվտանգ, բարօր ու առաջընթաց կյանքի հաստատման գործում, ինչպես նաև՝ քաղաքական դաշտում հայհոյախոսությանը և ատելության խոսքին վերջ տալու անհրաժեշտությանը։ Ողջունելի է նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես հանդես է եկել այս դիրքերից և ակնկալում է, որ նոր ձևավորվող իշխանությունը գործնական և հետևողական քայլեր կձեռնարկի Եկեղեցու հետ գործակցության իրենց իսկ առաջարկն իրականացնելու, ինչպես և հանրային համերաշխություն ձևավորելու ուղղությամբ։

Հոգևոր դասը՝ գիտակից իր հոգևոր առաքելությանը և դրա կարևորությանը հատկապես նման ճգնաժամային իրավիճակներում, պիտի շարունակի անել ամեն անհրաժեշտը, որպեսզի մեր ժողովուրդը կարող լինի հաղթահարելու իր կյանքի դժվարություններն ու մարտահրավերները, որպեսզի հայրենիքի անկախացյալ այս փոքրիկ նշխարն ուժ գտնի իր մեջ վերականգնելու իր անվտանգությունն ու ամրությունը՝ շարունակելու ուղին դեպի նոր հարյուրամյակներ։

Հայցում ենք Ամենակալ Աստծո օրհնությունն ու զորակցությունը մեր երկրին և մեր հավատավոր ժողովրդին։ Աստված թող պահի ու պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը խաղաղության և բարօրության մեջ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ