Անամոթ ու անխիղճ․ «Հրապարակ»
«Զավեշտն ու աղետը, ողբերգությունն ու կատակերգությունը միահյուսվել են, դարձել մեր երկրի ու մեր կյանքի անբաժան մասը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ երկրիս ամենաբարձր պարգևներից մեկով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց առողջապահության երիտասարդ նախարարը, որը հազիվ 5 ամիս է նախարար աշխատում և ոչնչով աչքի չի ընկել:
Իսկ այդ մեդալն իր նշանակությամբ ՀՀ երկրորդ պարգևն է՝ Ազգային հերոսի կոչումից հետո: Եվ մինչ մարդիկ տարակուսում էին, թե այդ ինչ ծառայություններ է հայրենիքին մատուցել պատահաբար նախարար դարձած իրավաբան տիկինը, պայթեց Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի դիահերձարանի սկանդալը:
Պարզվեց՝ հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած նախարարի իմացությամբ, դիակների մասունքներ են պահվել տարբեր դիահերձարաններում՝ սանիտարական սոսկալի պայմաններում: Մինչ ծնողները յոթ ամիս շարունակ խելակորույս շարունակում են փնտրել զավակներին՝ հույս փայփայելով, որ եթե դիակները գտնված չեն, ուրեմն նրանք ողջ են, գերի են, անհետ կորած են: Իսկ այս իշխանությունը բազում մարդկանց, այդ թվում՝ առողջապահության նախարարի ու մեծ թվով բժիշկների մասնակցությամբ, դիակներ է պահում դիահերձարաններում:
Ինչո՞ւ, որպեսզի խիանգամից շատ դիակներ չհանձնեն, և մարդիկ փողոց դուրս չգա՞ն, թե՞ որպեսզի զոհերի վերջնական թիվը չհրապարակեն և հասարակությանը շոկի մեջ չգցեն: Մեր հերոսներին նախ անխնա ու անմտորեն ուղարկեցին բայրաքթարների բերանը, հետո թաքցրին պատերազմի իրական ընթացքն ու զոհերի քանակը, ապա սառնարանային մեքենաներում, դիահերձարաններում ամիսներ շարունակ պահեցին՝ ծնողներին խաբելով և սին հույսերով կերակրելով: Եվ այս ամենի համար ոչ մի զղջման զգացում, ոչ մի խղճի խայթ»,-գրում է թերթը։