Կոնսենսուս մինուս 1»-ը կայացած է. «Փաստ»
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրությունների արդյունքում քաղաքացիների վստահությանն արժանանալու և առավելագույն արդյունքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական միավոր՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թվաքանակով ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստն ինքնին խոսուն է։ Դա մի քանի պատճառներ ունի՝ ազգային մենթալիտետից մինչև քաղաքական «հաշվարկներ»
Բայց սա առանձին թեմա է: Նախ, արձանագրենք, որ փորձագետների գնահատմամբ, ֆավորիտներին հաշված՝ այս ընտրություններում մրցունակ կարող է լինել առավելագույնը 8-10 քաղաքական միավոր։ Եվ ինչն է հետաքրքիր. այդ բոլոր դերակատարներն անխտիր հայտարարել են, որ բացառում են համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ընտրություններից հետո նրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Սա նշանակում է, որ այս քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում, այսինքն՝ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»։ Նիկոլ Փաշինյանը մերժված է ոչ միայն հանրության գերակշիռ մեծամասնության կողմից, այլև քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունեցող ուժերի:
Իհարկե, կան 2-3 մասնակիցներ, որոնք ոչ միայն չեն հայտարարի Փաշինյանի հետ համագործակցությունը բացառելու մասին, այլև ընդհակառակը: Դրանք այն «միավորներն» են, որոնք քաղաքական դաշտում իշխանությունների կողմից են ներդրվել Նիկոլին սատարելու և իրական ընդդիմության դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, որ սրանք խորհրդարան անցնելու որևէ շանս չունեն և ՔՊ-ի «կլոնի» դերակատարություն են ստանձնելու։ Սակայն ընտրարշավի ամբողջ ընթացքում նրանք ունենալու են բացառապես իրական ընդդիմադիրներին, այն է՝ հաղթելու առարկայական պոտենցիալ ունեցողներին թիրախավորելու գործելաոճ, ինչն արդեն այսօր ի ցույց են դնում անթաքույց: Վերոնշյալը ներկայումս ի ցույց է դնում քաղաքական հետագա զարգացումների ողջ սպեկտրը, հնարավոր է նաև կանխորոշում է ընտրությունների ելքը: Փաշինյանի ունեցած քաղաքական կապիտալն ու վարկանիշը ներկայումս անհամեմատելի է 2018 թվականին նրա ունեցած հանրային վստահության հետ։
Փաշինյանի իշխանության ապիկարության, բացառապես նրա պատճառով պատերազմի մեջ ներքաշվելու և կապիտուլյացիայի ենթարկվելու, հազարավոր զոհերի, տնտեսական կոլապսի, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի, անվտանգային խայտառակ վիճակի արդյունքում մեր երկիրն այսօր պարզապես անդունդի եզրին է, ու դա, իհարկե, չի կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա։ Խոսքը մտածելու ունակ, սեփական երկիրը սիրող և արժանապատվություն ունեցող մարդկանց մասին է, իսկ նրանք, կարծում ենք, մեր հանրության մեջ փոքր թիվ չեն կազմում, նույնիսկ ընդհակառակը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի համար լավագույն սցենարով ընթանա ընտրական գործընթացը, վարչական ողջ ռեսուրսով, անհայրենիքների քվեներով, ընտրակեղծարարությամբ հանդերձ, ՔՊԿ-ն առավելագույնը կարող է ստանալ 25-ից 30 տոկոս քվե։
Ուրեմն, Փաշինյանին վերարտադրվելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարան անցած ուժերից մի քանիսի հետ կոալիցիա կազմել, բայց դա բացառված է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, բոլոր այն ուժերը, որոնք հնարավորություն ունեն լինել խորհրդարանում, արդեն իսկ հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ համագործակցության հնարավորությունը։ Ստացվում է, որ այսօր արդեն ակնհայտ է գոնե մեկ բան. Փաշինյանը վերջնականապես պարտվել է և կրկին կառավարություն ձևավորել ու վարչապետ ընտրվել չի կարող։ Այսինքն, հունիսի 21-ին պատմություն է դառնալու «Նիկոլի էպոխան», և այդ օրն արդեն կարող ենք արթնանալ «աննիկոլ Հայաստանում»։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս փաստին արագ սկսել է արձագանքել պետական կառավարման համակարգը։
Ընդհանրապես, թե՛ ուժային համակարգը, թե պետական կառավարման ողջ համակարգը շատ նրբազգաց է սպասվելիք փոփոխությունների առումով: Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ պետական գերատեսչություններում մարդիկ սկսել են արդեն բացահայտ խոսել, որ անհամբեր սպասում են ընտրություններին, որպեսզի «պրծնեն» այսօրվա՝ երկրի, ժողովրդի ու պետության համար փորձանք դարձած իշխանություններից ու նոր իշխանության օրոք կարողանան նորմալ աշխատել, ինչպես ասում են՝ ժամացույցի պես, կարգուկանոնով ու, ամենակարևորը՝ ի շահ պետության»,-գրում է թերթը։