«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել էր Գլխավոր շտաբ՝ սահման մեկնելու համար. նրանց մերժել են
Երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական կանխատեսելի և էժանագին հարձակումները գործեց ընդդիմության ուղղությամբ:
«Այդ մարդիկ (ընդդիմադիր շրջանակները.- Ա.Վ.) ձեզ հայտնի իրադարձությունների ժամանակ ասում էին՝ մենք բանակի կողքին ենք: Բա էդ ո՞նց է, որ մեր բանակը թվացյալ «վարկաբեկող» տեսանյութերը հաճույքով տարածում եք, բայց, երբ որ մեր զինվորները, սպաները, կամավորները, որոնք ժայռի նման կանգնած են սահմանին, նրանց վերաբերյալ, նրանց հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութերը չեք տարածում: Սա ի՞նչ է նշանակում: Ես այդքան մանրամասն չգիտեմ, բայց սա նշանակում է, որ, այո՛, Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»,- ասաց Փաշինյանը:
Ըստ էության վերջինս, տիրապետելով երկրի կառավարման ողջ լծակներին, կրկին ընդդիմությանն էր մեղադրում երկրի անվտանգային խնդիրների, անձամբ իր «պռավալների» մեջ:
Սակայն ԳՇ-ն պատասխանել է, թե դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Մեր աղբյուրն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքում այդ փաստը չեն հանրայնացրել, որովհետև հայրենիքի պաշտպանության գործը PR-ի առարկա ու առիթ չէ:
«Չէի հրապարակայնացնի այդ նամակագրության փաստը, եթե չլիներ երեկվա և արդեն հերթական սահմանային ցավալի դեպքը, եթե վստահ լինեինք, որ այն վերջինն է լինելու և սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար պատասխանատուները հետևություններ են անելու: Ցավոք, ամեն օրը հակառակն է ապացուցում և խորացնում մեր մտահոգությունը»,- ասաց մեր աղբյուրը:
Տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, «Պատիվ ունեմ» դաշինքը ձևավորել էր զորախումբ: ԳՇ արձագանքի պարագայում պատրաստ էր արագ տեղակայվել սահմանի ամենավտանգավոր և պաշտպանության կարիք ունեցող հատվածներում:
Արմինե Վարդանյան
168.am