Ծախսային քաղաքականությունն ուղղակի չափազանց անգրագետ է իրականացվել վերջին երեք տարիների ընթացքում․ Գագիկ Մինասյան
«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր նախաձեռնել էր քննարկում տնտեսական հարցերի վերաբերյալ: ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն այս քննարկման ժամանակ խոսեց կառավարության կողմից իրականացվող ծախսային քաղաքականության, տնտեսական իրավիճակի, կայուն տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մի քանի կոմպոնենտների մասին․ «Կայուն տնտեսական զարգացման տեսակետից, իհարկե, պետք են բոլոր այն կոմպոնենտները, որոնք ապահովվում են կայունություն և՛ արտաքին, և՛ միջավայրային: Եվ այս տեսակետից, եթե մենք անդրադառնում ենք ներդրումներին, քանի որ այդ ներդրումները անպայման բաղադրիչ են տնտեսական աճի համար, պետք է արձանագրենք, որ այն իրավիճակը, որն արձանագրվել է վերջին տարիների ընթացքում, ուղղակի զրոյացրեց այն հետևողական աշխատանքը, որը կատարել էին նախորդ իշխանությունների կողմից, և որն ապահովում էր ներդրումների բավականին լավ մակարդակ»:
Քաղաքական գործիչը նաև շեշտեց՝ եթե չկա միջավայր, որը ապահովում է ներդրումներ, ապա պետք է կարողանալ ծախսային քաղաքականությամբ ապահովել կապիտալ ծախսերը․ «Խնդիրը նրանում է, որ ծախսային քաղաքականությունը ուղղակի չափազանց անգրագետ է իրականացվել վերջին երեք տարիների ընթացքում․ շեշտը դրվել է ընթացիկ ծախսերի վրա, և էապես թերակատարվել է այդ կապիտալ ծախսերը»։
Անդրադառնալով այս ճանապարհի ստրատեգիական նշանակությանը՝ նա կարևորեց նաև հաջորդ իշխանության կողմից էական ջանքերը, որպեսզի այն իրականացվի ամբողջ ծավալով․ «Մենք գիտենք, որ աշխատելով արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Վրաստանի սահման՝ այն կարող է էական ներդրում ունենալ և՛ մեր երկրի զարգացման համար, և՛ ապահովել այն մեծ ծրագրերի իրականացումը, որն այսօր անկնհայտ է դառնում ԻԻՀ համար Հյուսիս-Հարավ մայրուղին օգտագործելու առումով»։
Զարուհի Դիլանյան
168.am