Գերնպատակը՝ օր առաջ ազատվել ապազգային իշխանությունից
Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը մարզային այցելություններ է իրականացնում՝ հիմնականում գյուղական համայնքներով։ Նպատակն է՝ շփվել մարդկանց հետ, ծանոթանալ նրանց հոգսերին, գույքագրել խնդիրները, որ դրանց լուծումները ներառեն իրենց նախընտրական ծրագրում։ Տնետուն շրջայցն ապաքաղաքական է՝ ձգտում են հնարավորինս քաղաքական թեմաներից չխոսել, որ քարոզարշավի չնմանվի, ընտրության ու թեկնածուների անուններ չեն տալիս։ Երեկ Կոտայքի մարզում էին, այցելեցին Ալափարս, Թեղենիք, Քասախ համայնքներ։ Ի դեպ, Վանեցյանը, պարզվում է, լավ պատկերացում ունի գյուղատնտեսությունից եւ անասնաբուծությունից՝ իր առաջին մասնագիտությամբ պայմանավորված, եւ Թեղենիքում օրգանիկ մի ջերմոցում մասնագիտական քննարկում էր ծավալել գյուղացիների հետ՝ արձանագրելով, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է անպայման վերաբացել, որը պետք է լրիվ այլ տեսք ու կառուցվածք ունենա։
Նա մեր հարցին, թե ինչ են արձանագրել այս այցերի ընթացքում, ասաց․ «Արձանագրել եմ, որ մեր հանրությունը հստակ, պարզ գնահատական է տալիս, որ այս իշխանությունների օրոք այլեւս Հայաստանն ապագա չունի։ Բայց պետք է ազնվորեն խոստովանեմ, որ կան նաեւ մարդիկ, որոնք դեռեւս հույս են կապում այս իշխանությունների հետ եւ շարունակում են մնալ իշխանությունների կողմից մանիպուլյացիոն եղանակով տրամադրված տեղեկությունների ազդեցության տակ։ Ես էդ մարդկանց անվանում եմ մոլորյալներ, եւ մենք փորձում ենք այդ մոլորված մարդկանց հետ բերել իրական կյանք, որովհետեւ էն, ինչ կատարվում է մեր երկրում այսօր, ուղղակի որեւէ մեկնաբանություն, որեւէ արդարացում չի կարող ունենալ»։
– Պարոն Վանեցյան, Ձեր նշած այդ մոլորյալները Նիկոլին են ուզում, իսկ նրանք, ովքեր դեմ են, ավելի շատ հույսը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դուք ինչպե՞ս եք համոզելու մարդկանց, որ արժանի այլընտրանք եք այդ երկու ուժին։
– Ես չեմ կիսում այդ գնահատականը, որ կա երկու բեւեռ, հավատացեք՝ «Պատիվ ունեմ» դաշինքում ներառված երկու քաղաքական ուժերն ունեն շատ մեծ թվով աջակիցներ եւ շատ մեծ թվով մարդիկ, որոնք հույս են կապում մեր դաշինքի հետ, եւ ես չեմ համարում ընդդիմադիր դաշտում գործող ազգային ուժերին մեզ հակառակորդ։ Մենք մրցակիցներ ենք, բայց մենք ունենք գերնպատակ՝ օր առաջ ազատվել էս ապազգային իշխանություններից։ Իսկ ինչ վերաբերում է մրցելուն եւ ապացուցելու ժողովրդին, թե մենք ինչու ենք լավը, եւ ինչու նրանք լավը չեն, ծրագրերը կներկայացնենք, մեր նախընտրական քարոզչությունը կիրականացնենք, եւ ժողովուրդն ինքը կտա իր գնահատականը։
– Խորհրդարան անցնելուց հետո դուք պատրաստվո՞ւմ եք կոալիցիա կազմել, օրինակ, «Հայաստան» դաշինքի հետ՝ անկախ նրանից, թե որ ուժը որքան ձայն հավաքած կլինի։
– Մենք գնում ենք իշխանությունը վերցնելու, եւ եթե ընտրությունների արդյունքում մեզ չհաջողվի ունենալ պարզ մեծամասնություն, այդ ժամանակ կքննարկենք կոալիցիա կազմելու հարցը։ Միանշանակ է մեկ բան՝ մենք կոալիցիա չենք կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։
– Ի դեպ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում եք Դուք, բայց ցուցակի առաջին 10-20 տեղերում հիմնականում ՀՀԿ-ականներն են, սա ինչո՞վ է պայմանավորված։
– Ցուցակի մասին էդ տեղեկությունները չգիտեմ՝ որտեղից եք ստացել, նման բան չկա, ցուցակում ներգրավված են թե՛ «Հայրենիք», թե՛ Հանրապետական կուսակցության անդամներ, թե՛ անկուսակցականներ, եւ այսօր ես ասել եմ ու եւս մեկ անգամ կրկնում եմ՝ այսօր սովորական քաղաքական պրոցես չէ, սովորական քաղաքական գործընթաց չէ, որ ցուցակում տեղերի պայքար գնա։ Մենք ունենք մեկ նպատակ՝ ազատվել այս ապազգային իշխանություններից, իսկ նրանցից ազատվելու համար ցուցակն ինչ կերպ կկազմվի, դա որեւէ կապ չունի։
– Միեւնույն է, խոսվում է դաշինքում ներկուսակցական, ներթիմային ինտրիգների մասին։
– Նման բան չկա, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ Սերժ Սարգսյանը թիմում նման խնդիր չունենք։ Դուք առիթ ունեք, հնարավորություն ունեք շփվելու թե՛ ՀՀԿ անդամների, թե՛ «Հայրենիք» կուսակցության անդամների հետ եւ կտեսնեք, որ որեւէ ինտրիգ ցուցակի կազմման հարցում չկա։
– Հավասա՞ր համամասնությամբ է կազմված լինելու ցուցակը։
– Կարծում եմ՝ այո։
– Մի կողմից գնում ենք ընտրությունների, մյուս կողմից ձեզ քննադատում են, որ Նիկոլ Փաշինյանը մաս-մաս երկիրը հանձնում է, իսկ ընդդիմությունն ընտրությունների է պատրաստվում, ցուցակներ է կազմում։
– Ընդդիմադիր ուժերը, կոնկրետ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, երեկ դուրս է եկել փողոց, կոչ է արել ժողովրդին դուրս գալ եւ վերջ դնել այս ապազգային իշխանության գոյությանը։
– Ե՞վ։
– Եվ, ցավոք սրտի, այն քանակը, այն կրիտիկական զանգվածը, որը պետք է դուրս գա փողոց, դուրս չեկավ։ Մենք դիմեցինք արտգործնախարարին, որովհետեւ տեղեկություններ եղան, որ ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել, դիմեցինք հանդիպման պահանջով, եւ մեզ տեղեկացրին, որ ԱԳ նախարարը պատրաստվում է մեզ հետ հանդիպել եւ ներկայացնել, թե ինչ է, իրականում, կատարվում։ Կհանդիպենք, կզրուցենք, որից հետո գնահատականները կտանք։
– Ի՞նչ եք կարծում՝ ընտրությունները կարո՞ղ են չեղարկվել, որովհետեւ մինչեւ հունիսի 20-ը կարող է երկրում իրավիճակ փոխվել։
– Սրանցից ամեն ինչ սպասելի է, բայց հուսով եմ, որ ոչ։ Ես ուզում եմ օր առաջ ազատվել այս իշխանություններից, իսկ եթե անկախ մեր կամքից լինեն ընտրություններ, մենք էդ ընտրություններին մասնակցելու ենք, մասնակցելու ենք շատ ակտիվ եւ օր առաջ հաղթելու ենք։
– Բայց Նիկոլ Փաշինյանն էլ օր առաջ, կարծես, ուզում է մեր հայրենիքից մաս տալ թշնամուն՝ վստահեցնելով, թե իր արածը Հայաստանի շահերից է բխում․ Դուք հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը Հայաստանի շահերից բխող փաստաթուղթ կստորագրի երբեւէ։
– Ես եւ բոլոր գիտակից մարդիկ այլեւս չենք կարող հավատալ ստախոս իշխանություններին եւ մի մարդու, որը, ցավոք սրտի, մինչ օրս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը ու ով վերջին երեք տարին, բացի ստից ու կեղծիքից, որեւէ այլ գործ չի արել։
Վահե Մակարյան
hraparak.am