05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սա մեր կապրիզը չէ. իշխանությունը չի բացառում ԸՕ բարեփոխումը /վիդեո/

՛՛Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ, և մերժում են երկխոսություն նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ 12 կետերի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակացությանը, որին չէր մասնակցում միայն ՀԱԿ խմբակցությունը: ՛՛Մերժումը մարգինալ ուժերի գործելաոճն է, սա ես չեմ ասում՛՛՛,-հավելեց նա: Ըստ Շարմազանովի՝ եթե քաղաքական ուժը մի փոքր մտահոգվում է երկրում բարեփոխումների, ոչ թե իր դերակատարումն ավելացնելու մասին, ապա նա պետք է գնա երկխոսության:

՛՛Երկխոսությունը նրա համար է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության համար կարևոր խնդիրների ուղղությամբ: Եթե դու ուլտիմատումեր ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է՛՛: Հարցին, թե ուշացած չէ քառյակի 12 կետերի շուրջ երկխոսության առաջարկով հանդես գալ, նա պատասխանեց. ՛՛Ուշացած չէ, որովհետև երկխոսությունը երբեք ուշացած չէ: Այս քայլով կառավարությունն ու իշխանությունը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել, քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերն էլ միանգամից պետք է կատարվեն կամ չկատարվեն, քաղաքականությունը կլոր սեղանի տրամաբանություն ունի՛՛:

ԱԺ փոխնախագահը կարծում է, որ նախապայմաններ պետք չէ դնել, հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ արտաքին քաղաքականության մասով մենք մշտապես ասում ենք, որ Թուրքիան չպիտի խոսի նախապայմանների լեզվով, իսկ ներքաղաքական կյանքում նախապայմաններ դրվում են: ՛՛Մենք պետք է դադարեցնենք այդպես մտածելուց, և բազմիցս եմ նշել, որ ՛՛ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզին՛՛ սկզբունքը պետք է մի կողմ դնել՛՛:

Ինչ վերաբերում է խորհրդակցության ժամանակ ՛՛Ժառանգության՛՛ առաջ քաշած պայմանին, որ պետք է ԸՕ փոփոխել, ապա սա ևս, ըստ Շարմազանովի, տրամաբանական չէ. ՛՛Կան 12 կետեր, և կառավարությունն ու իշխանությունը պատրաստակամություն են հայտնել ճանապարհային քարտեզ մշակել և աստիճանաբար քննարկելով հասնել նաև այդ կետին: Բայց միանգամից ասել՝ եթե սենց չի, սենց ա, սա քաղաքականության լեզուն չէ՛՛:

Նա նաև համաձայն չէ, որ երկրում անվստահության մթնոլորտ կա միայն իշխանության նկատմամբ: ՛՛Եթե անվստահության մթնոլորտ կա, այդտեղ հավասարապես իրենց պատասխանատվությունն ունեն և իշխանությունը, և ընդդիմությունը:

Իշխանություններն ավելի լայն բարեփոխումների օրակարգ ունեն, և չենք ասում, որ երբեք ԸՕ բարեփոխման ուղղությամբ չենք գնալու: Մենք ասում ենք, որ մինչև բ կետին հասնելը պետք է անցնել ա կետով: Եթե մենք բոլորս գտնում ենք, որ երկրում կա համակարգային բարեփոխումների խնդիր, էտ ոնց է, որ գտնում են, որ ԸՕ բարեփոխելու կարիք կա, բայց ավելի լուրջ՝ սահմանադրական բարեփոխումների կարիք չկա: Իրենք չէ՞ին ասում, որ հիմա սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ, այլ տնտեսականի, այսինքն՝ ԸՕ տնտեսական բարեփոխման հետ կապ ունի, սահմանադրականը կապ չունի՞: Թող մի հատ իրենք կողմնորոշվեն՛՛:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ իրենք ցանկանում են անցնել սահմանադրական բարեփոխումների, և դրանից հետո չեն բացառում ԸՕ-ի բարեփոխումը: ՛՛Սա ոչ թե մեր կապրիզն է, որովհետև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում արդեն ընտրական պրոցեսի հետ կապված հստակ սահմանադրական նորմեր են ամրապնդվում, որոնք Սահմանադրության նորմ են, ոչ թե իշխանության կամ ընդդիմության քմահաճույքով են լինում, և միայն այդ նորմից հետո անցնենք մյուսներին՛՛:

Հարցին, թե ինչպես պետք է դուրս գալ այս փակուղուց, Է. Շարմազանովը պատասխանեց. ՛՛Լավատես եմ, կարծում եմ՝ մենք պետք է մշտապես քայլեր ձեռնարկենք, երկխոսության միջոցով իրականացնենք մեր բարեփոխումները: Դրա վառ օրինակը երեկվա քննարկումն էր սահմանամերձ համայնքների հետ կապված, այսօրվա միաձայն քվեարկությունը և այն քաղաքական ուժերն ու գործիչները, որ կգնան ուլտիմատումների, շանտաժների ճանապարհով, դատապարտված կլինեն մարգինալ, իսկ նրանք հեռանում են քաղաքականությունից: Մեր խնդիրն է ժողովրդի մատից փուշ հանել: Մեր բարեկամը նրանք են, ովքեր պատրաստ են նստել երկխոսության սեղանի շուրջ, շատ դեպքերում նաև խիստ քննատել, մեզ չհամաձայնել, բայց շփման ու լուծման եզրեր փորձել գտնել, այլ ոչ թե ասել՝ ախպեր ջան, եթե դու սա չես ուզում, ուրեմն ես սա չեմ անի, է մի արա, մենք անելու ենք, մենք գնալու ենք բարեփոխումների ճանապարհով՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ