Խտրականություն կլինի կանանց ու տղամարդկանց միջև. Է. Մարուքյան
Ազգային ժողովը քննարկում է ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՛՛, ՛՛Պետական նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛, ՛՛Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենսդրական փաթեթը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե փոփոխված տարբերակով արդյոք խտրականություն չի լինի այն կանանց նկատմամբ, ովքեր 1 մլն-մեկ միլիոնից ավելի աշխատավարձ են ստանում:
՛՛Մտավախություն չկա՞, որ բարձր աշխատավարձ ունեցող կանանց նկատմամբ սրանով խտրականություն կլինի, և գործատուները կնախընտրեն այդ կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի՛՛: Մարուքյանի խոսքով՝ նախատեսված է 30 000 չաշխատող կանանց նույնպես վճարել նպաստ: ՛՛Տրամաբանությունը չեմ հասանում, հիմա բյուջեի համար գումար են նախատեսում, բայց ասում ենք՝ 2016թ-ին կտանք՛՛,-նկատեց նա:
Նախարարը չհամաձայնեց այս դիտարկման հետ: Ըստ նրա՝ այն գործատուն, որ պարաստ է 1մլն-ից ավելի աշխատավարձ վճարել և միավոր արդյունք ստանալ, չի կարող նման պատճառից ելնելով՝ խնդիր տեսնել: Բացի այդ նա համոզմունք հայտնեց, որ նույն գործատուներն էլ պատրաստ կլինեն նպաստել դեմգրաֆիական խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ նախագծի նոր փոփոխության համաձայն՝ սահմանվել է աշխատավարձի առավելագույն շեմ: Մինչև 1 մլն. ՀՀ դրամ ստացող աշխատող հղի կանանց նպաստը կվճարվի 100%-ով, իսկ 1 մլն.-ից ավելի աշխատավարձի դեպքում հղիության նպաստը կվճարի գործատուն: Նախագծով նախատեսվում է, որ չաշխատող հղիները ևս նպաստ կստանան։