Ալիևն ասել է, որ ուզում է Սյունիքը, իսկ Ալիևի ասածը Փաշինյանի համար օրենք է». Աննա Մկրտչյան
«Նիկոլը Հայաստանում ունի դեռևս չավարտված առաքելություն. Ճիշտ է՝ ոչնչացրել է Արցախը, ՀՀ անվտանգային երաշխիքները ոչնչացրել է, և այլևս գոյություն չունի անվտանգային համակարգ, բայց Նիկոլ Փաշինյանն ունի այլ անելիք, որովհետև իր թուրք-ադրբեջանական տերերը նաև ուզում են Հայաստանի վարչատարածքային միավորը վերացնել՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի: Իրենք մեզ ուզում են տեսնել ոչ թե իրավահարաբերության մասնակցի տեսանկյունից, այլ ընդամենը առուվաճառքի կամ վարձակալության առարկայի կամ օբյեկտի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Սյունիքում, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին բերել է ոչ թե խաղաղություն, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական քարոզչամեքենան, այլ՝ ցավոտ կապիտուլյացիա, վիշտ և ևս մեկ շատ մոտ և շատ ծանր պատերազմի սպասում. «Այսպիսի նվաստացած վիճակում մենք երբեք չենք եղել: Խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանի մասին է, և մեր իշխանությունները փորձում են հիմնավորել, թե նորմալ է, որ ռուս խաղաղապահը և ադրբեջանցին են բանակցում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր պետական սահմանի հետ անելու ոչինչ չունի՞, անելիքներ չունի՞: Մենք ե՞րբ ենք այս վիճակում եղել»:
Նա նկատեց՝ մենք իսրայելապաղեստինյան խնդիրներից բազմաթիվ աղբյուրներից շատ ավելի տեղյակ ենք, քան այն ամենից, ինչ կատարվում է Սյունիքում, որովհետև, ըստ Մկրտչյանի՝ Փաշինյանը մեզ պահում է տոտալ բլոկադայի մեջ. «Մենք արծրունական «հաղթելու ենք»-ի հերթական սերիան ենք ապրում՝ հիմա արդեն Սյունիքի հետ, որովհետև Ալիևը ասել է, որ ուզում է Սյունիքը, իսկ Ալիևի ասածը Փաշինյանի համար օրենք է»:
Անդրադառնալով գործող իշխանությունների՝ «Ապագա կա» նախընտրական կարգախոսին, նա հետևյալն ասաց. «Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական քարոզչությունը կարող էր նույն հանգստությամբ գրել, օրինակ՝ «Քաոս լինելու է», որովհետև իրականում քաոս լինելու է: Նիկոլ Փաշինյանը մեզ տվել է այն ապագան, որտեղ յուրաքանչյուր ոլորտ մեզ ավելի ուժեղ է հարվածելու, քան մենք սպասում ենք: Այսինքն՝ եթե մեզ համար խիստ սրված է անվտանգային խնդիրը, չի նշանակում, որ մենք ֆինանսատնտեսական խնդիրներ չունենք:
Ես էլ չեմ խոսում մեր բարոյահոգեբանական վիճակի մասին, որովհետև մենք այլևս կոտրված հասարակության ներկայացուցիչներ ենք, ու այս ելակետը, որը մեզ տվել է Նիկոլ Փաշինյանը, ունի ընդամենը մեկ հնարավոր հանգուցալուծում. Ցանկացած գործողությունը, որը մենք կանենք՝ միտված ապագային և այս իրավիճակը փոխելուն, դրան պետք է նախորդի մեկ գործընթաց՝ դա Նիկոլ Փաշինյանին բացահայտելու, հանրության շահերից ելնելով՝ հետաքննության բացահայտ և թափանցիկ իրականացնելու, այս մարդկանց պատժի ենթարկելու և դրանից հետո միայն ինչ-որ ոլորտներից խոսելու մասին է: Կարող եմ հիմնավորել՝ ինչու եմ սա ասում, որովհետև, եթե, օրինակ՝ տա Աստված՝ Հայաստանում գան հայրենասեր, հայրենանվեր իշխանություններ, իրենք ուզեն, օրինակ՝ արտաքին քաղաքականությունը բարելավել, եթե մենք չենք հասկացել, թե Նիկոլ Փաշինյանը մեզ արտաքին քաղաքականությունում մինչև ո՞ր հատվածն է դավաճանել, այսինքն՝ մինչև դավաճանել է այնտեղ, որ ուզում էր ամեն ինչ անել, որ Բայդենը Հայոց ցեղասպանությունը չճանաչե՞ր, թե՞ ամեն ինչ արել է մինչև այնտեղ, որ մեր հայոց պատմության դասագիրքն այլևս Թուրքիայում պետք է գրվի… այսինքն՝ մենք պետք է հասկանանք, չէ՞, այդ ջրբաժանը:
Կամ, եթե մենք անվտանգային համակարգ ենք նորից ուզում կառուցել, չպիտի՞ իմանանք՝ Նիկոլ Փաշինյանը բավարարվել է միայն այդ ականապատված դաշտի սխեմանե՞րը տալով Ադրբեջանին, թե՞ ընդհանրապես, ռազմավարական ցանկացած զարգացման պլան, ինչ որ այս տարիների ընթացքում մշակել է ՀՀ-ն, Նիկոլը և իր օտարածին երևույթներն ամբողջությամբ վաճառել են Թուրքիային և Ադրբեջանին: Մենք պետք է հասկանանք՝ որտեղից ենք սկսում, որովհետև սրանց թողած ժառանգությունն ամբողջությամբ բաղկացած է պասիվներից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am