Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:
Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվը իր մակատեղիից, որտեղ պահվում են մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ահազանգերով նշվել է, որ հովիվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:
Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:
Դրանից բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:
Ահազանգերից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրություններ: Անմիջապես կապ է հաստատվել ՀՀ զինված ուժերի և համայնքների ղեկավարների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները: Ջրերը օգտագործվում են նաև համայնքների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար: Արոտավայրերն էլ օգտագործվում են անասնապահության համար, ինչն էլ մարդկանց համար ծառայում է՝ որպես ընտանիքի եկամտի աղբյուր: Խոսքը Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:
Դրանից բացի, ըստ հաստատման՝ ադրբեջանական զինվորականները տեղակայվել են Սև լճից դեպի քաղաքացիական բնակավայրերն ընկած տարածքում:
Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին քաշքշելու և հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու և մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Դա վնասում է խաղաղության գործընթացները տարածաշրջանում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրումով այն մասին, որ նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:
ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:
Անվտանգության գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով»: