Մայրս ինձ մանկուց ՛՛վաճառում էր՛՛.նախկին մարմնավաճառի խոստովանությունը

Ծուխը ներս էր քաշում արագ-արագ: Մի տեսակ մանկական աչքեր ու փախչող հայացք ուներ: Առաջս նստած էր կյանքի ապտակներից թրծված՝ մի փորձառու կին, որը միևնույն ժամանակ անպաշտպան երեխայի տպավորություն էր թողնում:
՛՛Մենակ եմ ու ոչ մեկը չունեմ, էլ չեմ ուզում մարմնավաճառությամբ զբաղվել ու երբեք էլ չեմ ուզել: Մայրս էր վաճառում ինձ: Ծանոթներս միշտ ասում էին՝ մորիցդ հեռու մնա, սպասումա հարմար գին տվողի, բայց ես չէի հեռանում՛՛,-սկզբում անվստահ անծանոթ կնոջ, առավել ևս լրագրողի հետ զրույցին՝ պատմեց Մայան (անունը փոխված է)
Մայան, որն ընդամենը 18 տարեկան է հազար պատմություն ունի: Ու բոլորն էլ ցավոտ:
՛՛Ո՞ւր գնում եմ աշխատելու՝ սկսում են անձնականս փորել, մորիցս հեռացա, բայց խնդիրներս չպակասեցին: Առաջ 30-40 հազար օրեկան փող էի աշխատում: Հիմա գիշերային ակումբում աման եմ լվանում օրը՝ 2 հազարով, օր է լինում սոված եմ քնում, բայց չեմ նեղվում, ես ուժեղ աղջիկ եմ, անգամ դրսում եմ գիշերել՛՛,-պատմեց Մայան:
Մայաի անստահությունը կամաց-կամաց անցավ ու նա կարծես թե դատարկվելու ու պատմելու ցանկություն ունեցավ:
՛՛Մամաս ուզում էր ինձ Դուբայ ուղարկեր, ասում էր մի քանի տարի մարմնավաճառություն կանես ու կգաս, դրանից հետո ավելի լավ կապրենք: Ինքը հենց Դուբայից է սկսել: Ես դրանից հետո դուրս եկա տանից՛՛,-աղջկա աչքերը անթարթ սևեռվել էին մի կետի:
Մայան 12 տարեկանից աշխատել է: Հորը կյանքում չտեսած աղջիկը ընտանիք ու երեխա ունենալու իմ հորդորը մի տեսակ զարմաքով ընկալեց: Զգացի չի հավատում, մի տեսակ կորցրել է մարդկանց վստահելու ունակությունը:
՛՛Ինչի միջով ասես անցել եմ, բայց երբեք չեմ մտածել ինքնասպան լինելու մասին: Էտ մեկը իմ հագով չի….ես ուղղակի ուզում եմ փոխվել՛՛,- ցածրաձայն, գրեթե շշուկով ասաց Մայան:
Շարունակելի….