Իրենք ապացուցեցին, որ արդարության կողմնակից են, մենք՝ որ անկախ նրանից՝ պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք․ Էդուարդ Շարմազանով
Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը ղեկավարել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խումբը, ֆեյսբուքյան էջում թեմային անդրադառնալով՝ նշել է. «Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով։ Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտևսը։ Շնորհակալ եմ իմ ընկեր Անդրեյ Կլեմենտևսին և բոլոր լատվիացի պատգամավոր ընկերներիս։ Մեր պայքարը, որ սկսվել էր դեռ 2015-ին, այսօր իր արդյունքը տվեց»։
Էդուարդ Շարմազանովը 168.am-ի խնդրանքով անդրադարձավ նաև Լատվիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարիներ շարունակ իրականացված աշխատանքներին․ «2013 թվականից սկսած՝ ես՝ որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար, սկսել եմ սերտ համագործակցության եզրեր փնտրել և աշխատել մեր լատվիացի գործընկերների հետ։ Առաջին հաջողությունը եղել է 2015 թվականին, երբ Լատվիայի Ազգային գրադարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից, նորից Անդրեյ Կլեմենտևսի օժանդակությամբ։
Արդեն 44-օրյա պատերազմի օրերին մշտապես կապի մեջ եմ եղել Լատվիայի իմ գործընկերների հետ, և կրկին Անդրեյ Կլեմենտևսը հանդես եկավ Ադրբեջանի ապակառուցողական և ահաբեկչական գործողությունները դատապարտող հայտարարությամբ»։
Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այս ամենին զուգահեռ՝ չեն դադարել համատեղ աշխատանքները, որպեսզի Լատվիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ ԱԺ նախկին փոխնախագահն անգամ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրներից մեկը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն փակագծերը չի բացել՝ հաշվի առնելով թուրքական հզոր լոբբին, որը կարող էր խոչընդոտել ընթացող համատեղ աշխատանքները։ Եվ միայն այսօր՝ քվեարկությունից անմիջապես հետո է նա շտապել հայտնել այս կարևոր տեղեկությունը․ «Հենց դահլիճից Անդրեյ Կլեմենտևսը հեռախոսազրույց ունեցավ, ասեց, որ մեր բոլոր ընկերները, ովքեր որ խոսք են տվել, կողմ են քվեարկել, և մենք 58 ձայնով արդեն ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը։
Ինքը նաև ինձ ընկերաբար ասեց՝ ես իմ խոստումը, որը 2015 թվականին Ռիգայում քեզ տվել եմ, ես և քո լատվիացի պատգամավոր ընկերները կատարել ենք։
Ես էլ շնորհակալ եմ Լատվիայի խորհդարանի 58 պատգամավորներին՝ իմ լավ բարեկամ Անդրեյ Կլեմենտևսի գլխավորությամբ․ իրենք ապացուցեցին, որ առաջինը՝ արդարության կողմնակից են, Ցեղասպանության դատապարտման ջատագով են և շատ լավ ընկերներ են։ Մենք էլ ապացուցեցինք, որ անկախ նրանից՝ մենք պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, միշտ էլ մեր ազգային հարցերում մենք մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք ու շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի թուրք-ադրբեջանական հակահայկական գործողությունների դեմն առնենք»։
Զարուհի Դիլանյան
168.am