Նախընտրական կրքեր ՔՊ-ում. «Փաստ»
«Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով:
Ըստ էության, դրանց մասին գիտեն միայն քաղաքական միավորների ղեկավարները, բայց արդեն իսկ դուրս են «սպրդում» տարբեր անուններ։ Նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով են զբաղված նաև իշխող քաղաքական ուժի «վերնախավում»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացը անցնցում չի անցնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ վերջին հանդիպմանն ասել է, որ «նեղանալ չլինի, բայց, բնականաբար, որոշ մարդիկ ցուցակի ներքևի հատվածում կլինեն, բոլորը վերևում չեն տեղավորվի»։
Բանն այն է, որ Փաշինյանն իր ցուցակում նախատեսում է ընդգրկել իշխանություններին սպասարկող բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցիչների, և պայմանավորվածություններ կան, որ նրանք պետք է լինեն առաջին քսանյակում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը գործող որոշ պատգամավորների մոտ բավականին ցավոտ է ընդունվել, քանի որ նրանց մեծամասնությունը ցուցակում զբաղեցնելու է ակնհայտ «ցածր» հորիզոնական և, ըստ ամենայնի, խորհրդարան չեն մտնի։
Մենք տեղեկություն ունենք նաև, որ օրերս մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ ՔՊ կենտրոնական գլխամասում տեղի են ունեցել գոռգոռոցներ և քաշքշուկ, ուղղակիորեն կապված են այս գործընթացների հետ։ Ի դեպ, հավելենք, որ այս միջադեպը բացառություն չէ, և պարբերաբար նմանօրինակ դեպքեր ու միջադեպեր են գրանցվում, գուցե ոչ քաշքշուկի «մակարդակի»:
Հավելենք, որ պակաս լարված չէ նաև մարզային կառույցներում տիրող ընդհանուր մթնոլորտը»