ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ
լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական
առաքելությունը Հայաստանում:
ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը Հայաստանում,
նշել է, որ նրա աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին դրական տեղաշարժեր են
արձանագրվել հայ-լեհական հարաբերություններում, ամրապնդվել են մշակութային,
տնտեսական կապերը եւ բարեկամությունը: Գալուստ Սահակյանը կարեւորել է
միջազգային հարթակներում հայկական եւ լեհական պատվիրակությունների
աջակցությունը միմյանց եւ արդյունավետ համագործակցությունը Արեւելյան
գործընկերության շրջանակներում: Անդրադառնալով տարածաշրջանային վերջին
զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ չնայած ԵԱՀԿ անդամ երկրների
խաղաղարար գործունեությանը՝ ժամանակն է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկելու: ՀՀ
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության ավարտով չի
վերջանա պարոն Ռաչինսկու բարեկամությունը հայ ժողովրդի եւ հայ քաղաքական
գործիչների հետ:
Զդիսլավ Ռաչինսկին, շնորհակություն հայտնելով ջերմ ընդունելության եւ տարիներ
տեւած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ երկու պետությունների
միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի երկխոսություն: Նա կարեւորել է
պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ
պաշտոնական փոխայցերը: Դեսպանի կարծիքով՝ երկու երկրների խորհրդարանները կարող
են իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների սերտացման գործում: Զդիսլավ
Ռաչինսկին նշել է, որ դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ մնալու է
հայ ժողովրդի մեծ բարեկամը եւ իր գործունեությամբ նպաստելու է հայ-լեհական
բարեկամության ու համագործակցության սերտացմանը: