24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը պետք է անի ընտրություն, և կա երեք տարբերակ․ Միքայել Մինասյան․ «168 ժամ»

«168 ժամը» ներկայացնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հդվածը․

«Հայաստանն ու հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ էլ ունեցել են բարդ փուլեր։ Գուցե ավելի հեշտ է հաշվել այն տարիները, երբ դրանք բարդ չեն եղել, բայց այսօր Հայաստանը հայտնվել է, բառի բուն իմաստով, թակարդում՝ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական և ամենակարևորը՝ հոգեբանական թակարդում։

Հասկանալու համար՝ ինչո՞ւ հայտնվեցինք այստեղ, պետք է պարզենք պատճառները, որպեսզի կարողանանք ձևակերպել իրավիճակից ելքի բանաձևերը։

 

ԹԱԿԱՐԴ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ 

Այդ թակարդը սկսեց լարվել 1999 թվականից, երբ հաղթանակով խանդավառված և ճգնաժամերը հաղթահարած Հայաստանում սկսեց աշխատել «անտեսանելի ձեռքը», որը հետևողականորեն սկսեց բացահայտ սուտ, ապատեղեկատվություն և ազգային արժեքները կործանող քարոզ «ներարկել» հանրությանը։ Ստեղծվեցին քաղաքական լեգենդներ, որոնք դարձան հոգեբանական թակարդի հիմքը։ Հոկտեմբերի 27-ի ողբերգության քաղաքական շահարկում, «ղարաբաղյան կլան» «ղարաբաղցին թուրք է», «ռուսը թուրքից վատն է», «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք», «հարուստը թշնամի է», «թալան», «մարտի 1», «Սաշիկի 50 տոկոս»… այս շարքն անվերջ է՝ հիմքում ունենալով երկրի ներսում թշնամու կերպար ստեղծելու նպատակ, որը պետք է լիներ ավելի ատելի, քանի արտաքին թշնամին է։

20 տարի աշխատում էր «անտեսանելի ձեռքը» և այդ աշխատանքի արդյունքի ականատեսը եղանք 2018 թվականի գարնանը։ Ավելացրեք սրան շռայլ ֆինանսավորմամբ կրոնական կազմակերպությունները, հարյուրավոր միլիոնների բյուջե ունեցող ՀԿ սեկտորը, Հայ Առաքելական եկեղեցու՝ մարդկանց առօրյա կյանքից բացակայությունն ու պալատական դառնալը, բոլոր ժամանակների իշխանությունների օբյեկտիվ սխալները, բացթողումներն ու մեղքերը, այդ նույն իշխանությունների ստեղծած անարդարության անթաքույց դրսևորումները, սրան գումարած՝ տեխնոլոգիաների զարգացումն ու ինտերնետի տարածումը, որը թույլ տվեց ֆինանսական ճգնաժամը հաղթահարած, բայց հոգևոր խորը ճգնաժամում գտնվող Սփյուռքի մեր հայրենակիցներին իրենց բարդույթները դրսևորել, իսկ մեր հասարակության վիրավորված, որոշ դեպքերում՝ անկիրթ, բայց ամբիցիոզ հատվածին՝ նախ՝ արտահայտվել, ապա՝ հայհոյել։

2018թ. սկզբին Հայաստանում մարդիկ դուրս եկան փողոց կոնկրետ ակնկալիքով։ Եթե մի կողմ թողնենք լրտեսական ցանցերի ստեղծած բովանդակությունը և գործակալական «ներարկումները», հեղափոխության շարժիչ ուժը մարդիկ էին, որոնք ցանկանում էին հավասարություն, արդարություն և բարեկեցություն։ Եվ անկախ «ներարկված թույնի» քանակից և մարդկանց քաղաքական հայացքներից, այս երեքի կարիքն էլ կար, և դրանք իսկապես դեֆիցիտ էին Հայաստանում։ Բայց այս նպատակները շատ արագ մոռացվեցին՝ ինչպես ժողովրդի, այնպես էլ՝ իշխանության ղեկին հայտնվածների կողմից, քանզի վերջիններս դրա համար չէին եկել իշխանության, իսկ ժողովրդի աճող հիասթափությունը կանխելու համար անընդհատ հորինվում էին նոր ստեր, դրվում էին նոր թակարդներ, որտեղ հեշտությամբ հայտնվում էին հետևողականորեն թունավորված հոգիներով մարդիկ։

Նախ, այսպես կոչված, «հները» չեն գիտակցում կամ չեն ցանկանում ընդունել, որ մարդկանց ուզածը Նիկոլը չէր, այլ արդարությունը, հավասարությունն ու բարեկեցությունն էր։ Նիկոլն այդ նպատակների իրագործման, պարզվեց՝ սխալ, բայց այնուամենայնիվ հնարավորությունն էր։ Եվ եթե պետություն կամ պատմություն իմացող մարդկանց համար ամենասկզբից էլ պարզ էր, որ Նիկոլը կործանարար է, դա չի նշանակում, որ ժողովուրդը դա գիտակցում էր կամ գոնե մոտավոր պատկերացում ուներ դրա մասին։

Հներին հեշտ է մտածել, որ մարդիկ ընտրել են Նիկոլին, այլ ոչ թե իրենց երազանքներն ու քաղաքականության մասին պարզունակ պատկերացումները, որոնք իրականացնելու խոստում տվողն այդ պահին Նիկոլն էր. այլ կերպ ասած, իրենք ընտրեցին իրենց մտքերը հնչեցնողին՝ այլ ոչ անձին։ Հիմա, այսպես կոչված, հները փորձում են համոզել, որ մաքուր են ժողովրդի առջև, որովհետև իրենք ամենասկզբից էլ զգուշացնում էին հետևանքների մասին, և ըստ այդմ՝ երկիրը աղետի հասցնելու պատասխանատվությունը կիսում են նաև նրանք, ովքեր չլսելով իրենց հորդորները՝ գնացին վիժվածքի հետևից, իսկ ոմանք չհրաժարվեցին նրանից անգամ երկիրը կոլապսի հասցնելուց հետո։ Հների հռետորաբանության հիմքում հոգեբանական ռևանշն է՝ համեմված «մենք մեր մեղքերով ավելի լավն ենք, քան դուք ձեր Նիկոլով» փաստերով՝ ճշմարիտ, ոգով՝ սխալ և ոչ մի տեղ չտանող տրամաբանությամբ։

Մարդիկ էլ իրենց հերթին չեն ուզում ընդունել, որ իրենց բողոքը և պահանջները ճիշտ էին, բայց ատելության հիմքով կառուցվող ամեն բան դատապարտված է տապալման ի սկզբանե։ Մարդիկ չեն ուզում ընդունել, որ նրանք, ում իրենք կուռք դարձրեցին, ոչ միայն ի զորու չէին, այլև չէին ուզում ինչ-որ բան անել։ Երեք տարի մեր ժողովուրդը փաստերին հակադարձել է երազկոտությամբ, քանի որ չէին ուզում ընդունել, որ Հայաստանի առաջին հեղափոխությունը հենց սկզբից էլ մեծ ֆիասկո էր։ Եվ ամեն անգամ, երբ հրաժարվում էին ընդունել դա ապացուցող փաստը, հաջորդն ավելի ջախջախիչ էր լինում, հետևանքները՝ կործանարար։ Նրանք շարունակում էին պաշտպանել Նիկոլին, քանի որ դա իրենց ընտրությունն էր, և հիմա էլ նախընտրում են մոռացության մատնել կամ չնկատելու տալ իրենց ընտրածների ձեռամբ երկրին պատուհասած աղետն ու ողբերգությունը, քանի որ պետք է ընդունեն, որ, եթե չլիներ իրենց սխալ ընտրությունը, այսքան արյուն չէր թափվի, դավաճանություն չէր լինի։

Եվ այս թակարդում հայտնված մարդիկ, եթե նույնիսկ փաստերի ծանրության տակ փորձում են սթափ դատել, արդյունքում՝ իրենք իրենց հետ կեղծ կոմպրոմիս են անում։ Նիկոլականների դեպքում ասում են՝ «ոչ հներն են մի բան, ոչ նորերը, մենք ոչ մեկին էլ չենք ընտրում»՝ ներկայացնելով դա՝ որպես մեծագույն խիզախություն, իսկ Նիկոլին չընտրածները փորձում են նոր կուռք փնտրել, որը չունի որևէ առնչություն ոչ նախկինների, ոչ ներկաների հետ։

Այս հոգեբանական թակարդի միակ բենեֆիցիարը Նիկոլն է, որն օգտվելով մեղքերը չընդունելու, քաղաքական լեգենդները շալակներից չիջեցնելու և դիմացինին մեղադրելու համահայկական մոլուցքից՝ շարունակում է մեծացնել փոսը, որում հայտնվել է Հայաստանն այսօր։

Այժմ ունենք իրավիճակ, երբ նիկոլականները և Նիկոլից խաբվածներն ինքնամոռաց մեղադրում են նախկին իշխանություններին ամեն ինչում և կոչ են անում ուղղակի չլինել։ Իսկ նախկինները մեղադրում են Նիկոլի ընտրողներին երկիրն այս վիճակին հասցնելու համար։ Արդյունքում՝ հաստատվել է խորքային ներքաղաքական ճգնաժամ և հանրային աներևակայելի բևեռացում։ Եվ նույն թակարդի մի կողմում սեփական սխալն ընդունելու անկարողության բարդույթով տառապողներն են, իսկ մյուս կողմում՝ սեփական մեղքերն ընդունել չկարողանալու բարդույթի տակ մնացածները։

ԹԱԿԱՐԴ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ

«Թքածը չլիզելու» բոլոր կողմերի մոլագար բարդույթը մեզ տանում է ավելի խորը գերեզման, և այդ թակարդը լարվել է նաև ֆինանսատնտեսական ոլորտում, երբ սխալ ու անտրամաբանական որոշումների արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ թե սկսեց գահավիժել, այլ պարզապես դադարեց գոյություն ունենալ։ Եվ այսօր իշխանությունը ջանք չի խնայում տնտեսության վերջնական կործանման համար. գոնե մինչ այս պահն աղետը կանխելու որևէ ծրագիր չունի։

1991 թվականին Հայաստանը ողջունեց կապիտալիզմը, բայց չհրաժարվեց սոցիալիզմից, և մարդկանց վերաբերմունքն ուրիշի փողին և կապիտալին մնաց խիստ բացասական։ Եվ եթե սրան գումարենք անարդար պրիվատիզացիաներից մինչև նշանակովի հարուստներ, ապա պարզ է դառնում՝ ինչու մարդիկ սկսեցին կուրորեն հավատալ, որ դիմացինի հարստության և սեփական «չհարստության» հիմքում անարդարությունն է, և ինչքան վատ էին ապրում և աղքատ էին մարդիկ, այնքան ավելի դոգմատիկ էր այս համոզմունքը։ Եվ ահա «թավշյա իշխանությունները» փողի դեմ պայքարի ալիքը հայտարարեցին որպես ֆինանսատնտեսական գաղափարախոսություն՝ առանց գիտակցելու դրա հետևանքները։

Հեղափոխականների տնտեսական բոլոր քայլերն ուղեկցվել են արդարության և թալանի դեմ կատաղի պայքարի կարգախոսներով, հաճախ ֆանատիկ հավատով դրա էֆեկտիվության վերաբերյալ, մինչդեռ իրականում միտված են եղել փողը երկրից հեռացնելուն։ Նրանք ավերիչ արշավ սկսեցին տնտեսական հարաբերությունների հիմնասյան ուղղությամբ՝ մահացու հարվածներ հասցնելով սեփականության իրավունքի ինստիտուտին։ Մի բան, որի վրա կառուցված են ժամանակակից տնտեսությունների վերնաշենքերը։ Ծաղկաձորի բարձրադիր գոտում վեր խոյացող դատարկ հյուրանոցն իրականում տնտեսական ճարտարապետությունից հասկացողների համար Հայաստանի տնտեսության գերեզմանաքարն է. զավեշտն այն է, որ տնտեսասպանները մինչ օրս այդպես էլ չեն հասկացել՝ ինչ են արել։ Խոսքը, իհարկե, մեկ հյուրանոցի մասին չէ, այլ ազդանշանի, որ տվել են որոշում կայացնող տգետները տնտեսվարողներին՝ Հայաստանում սեփականության իրավունքը մոլագարության թիրախ է ցանկացած պահի։ Վերջ։ Շարունակություն չկա դրանից հետո։

Ինչ-որ պահից Հայաստանում բոլորը համակերպվեցին, որ լինելու է շատ վատ, որովհետև իշխանության բուրգում գտնվողներից որևէ մեկը չունեցավ խիզախություն հայտարարելու, որ մենք պետք է կռվենք փողի համար, այլ ոչ թե փողի դեմ, և կապիտալիզմի խաղի կանոններն անհամատեղելի են սոցիալիստական «վերցնենք հարուստներից և բաժանենք մյուսներին» գաղափարախոսության հետ։ Այսօր Հայաստանում բոլորն ապրում են ֆինանսատնտեսական թակարդում, որտեղ սցենարները կիսվում են վատի, վատագույնի ու աղետալիի միջև։

ԹԱԿԱՐԴ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանը պետք է գիտակցի, որ Արցախը նվիրված է անվերադարձ։ Բառացիորեն անվերադարձ։ Այսպես շարունակվելու դեպքում առաջիկա հինգ տարիների ընթացքում Արցախը հայաթափվելու է, շուտով սկսվելու է ադրբեջանցիների վերադարձը, որն էլ ավելի է խթանելու հայաթափությունը։ Գումարեք դրան ֆիզիկական անվտանգության՝ օրեցօր ավելացող խնդիրները, բացակա հայկական իշխանությունը, և ահա հինգ տարվա ընթացքում, եթե ոչ ավելի շուտ, Ադրբեջանը, հղում անելով այն հանգամանքին, որ Արցախում այլևս չկա հայկական բնակչություն, ում անվտանգությունը պետք է ապահովեն ռուսական խաղաղապահ ուժերը, կա՛մ կհրավիրի դուրս, կա՛մ պարզապես չի երկարաձգի խաղաղապահների տեղակայման՝ մինչ այս պահը չստորագրված պայմանագիրը։

Առաջիկա տասը տարվա ընթացքում Արցախը ռազմական ճանապարհով հետ բերելու որևէ շանս Հայաստանը չունի, իսկ դա անելու համար պետք է հստակ ռազմավարություն, խորը և համապարփակ բանակցություն այն երկրի հետ, որն այսօր Արցախի ժամանակավոր բենեֆիցիարն է, քանզի ժամանակն աշխատում է՝ ինչպես մեր, այնպես էլ՝ այդ երկրի դեմ։ Իսկ Արցախը կորցնելուց հետո Հայաստանի գերխնդիրն այսօր Սյունիքն է, որը դարձել է պանթյուրքիզմի թիրախ։ Մենք մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք պաշտպանելու մեր գոյության վերջին հույսը՝ Սյունիք ամրոցը՝ գիտակցելով, որ Հայաստանն այլևս չունի բանակ։

Մենք չունենք բանակ, չունենք ռեսուրս ու մարդիկ, որոնք կարող են դա անել (Նիկոլը ցույց տվեց, թե ինչ են անում նրանց հետ, ովքեր որոշեցին ու ստեղծեցին բանակ)։ Եվ ամենակարևորը, մենք չունենք ժողովրդի հավատն առ բանակ, որը չկարողացավ լուծել ոչ արտաքին մարտահրավերները, ոչ էլ դարձավ փրկօղակ ներքին ճգնաժամը հաղթահարելու համար։ Պետք է լինենք սթափ և գիտակցենք, որ Հայաստանը չունի պաշտպանվելու այլ միջոց, քան դիվանագիտականն է։

ԹԱԿԱՐԴ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Բոլոր թակարդներին զուգահեռ՝ կա նաև աշխարհաքաղաքականը, որում մենք հայտնվել ենք այսօրվա իշխանությունների գավառամտության, անգրագիտության ու նաև օտար երկրների շահերը ներկայացնելու պատճառով։

Մենք հայտնվել ենք այս թակարդում պառակտված և հուսալքված ժողովրդով, ջախջախված բանակով և կործանված տնտեսությամբ, ամենակարևորը՝ չունենալով ընտրության հնարավորություն, քանզի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության համար պետք է ռեսուրս, որն այսօր չկա։

Հայաստանը պետք է անի ընտրություն, և կա երեք տարբերակ։

Արևմուտք. այս տարբերակով Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, բայց իրականում մտնում է օսմանցիների դռնով, քանի որ դա է իրականությունը և ճանապարհը դեպի Արևմուտք՝ Արևմուտքի որոշմամբ։ Ճանապարհը Թուրքիայով է, այլ տարբերակ չկա։ Այդ ճանապարհն ընտրեց Վրաստանը, որը պահպանելով անկախ երկրի ատրիբուտները՝ դարձել է նեոօսմանյան սատելիտ, գոնե պատերազմի օրերին բոլորս ականատես եղանք դրան։

Ռուսաստան. սա բարդ ուղի է։ Նախևառաջ՝ Հայաստանը պետք է ընտրի այս ուղին ՌԴ պատմության մեջ մնացյալ աշխարհի հետ ամենասուր հակասություններից մեկի ժամանակ՝ միանգամից հայտնվելով հակառուսական ճամբարի թիրախում։ Նաև պետք է հաղթահարել ՌԴ-ում ձևավորված հակահայկանության հետևանքները, որոնց պատճառները հեղափոխությունների նկատմամբ գենետիկ ատելությունն ու Հայաստանում վխտող ու բարգավաճող, պայմանական ասած, «սորոսականությունն» է։ Նաև պետք չէ անտեսել ՌԴ-ում ազդեցություն ունեցող նեոօսմանյան լոբբիստներին։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն արել է ընտրություն՝ հետ բերել Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ դա չի ստացվելու, մինչդեռ, եթե Ռուսաստանի համար դա պարզապես ցավալի է, Հայաստանի համար կործանարար է լինելու։ Իսկ պրոցեսն արդեն սկսվել է։

Պետք է փորձել կառուցել իրապես ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված երկու երկրների շահերի վրա, իսկ դրան հասնելու համար պետք է հսկայական աշխատանք կատարել Ռուսաստանում, որտեղ իսպառ բացակայում է հավասար գործընկերության մշակույթը, գոնե թե դրա պատմական նախատիպերը չկան։ Պետք է ֆիքսել, որ Հայաստանը փոքր ռեսուրսով, բայց գործընկեր է, ոչ միայն ֆորպոստ, պլացդարմ, այլ երկիր է, որը պետք է նաև օգտվի, զարգանա և լինի անվտանգ։ Այս ուղին ընտրելու դեպքում Հայաստանում պետք է միանգամից արգելվեն բոլոր գործակալական ցանցերի ագրեսիվ քարոզները և աշխատանքները։ Հայաստանը պետք է բռնի կայունության, խաղաղության, զարգացման և բարեկեցության նվազագույնը տասը տարվա ուղի։

Անձամբ ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ՝ վստահ լինելով, որ քրտնաջան աշխատանքով և լավ թիմով սա հնարավոր է։ Անհրաժեշտ է, որ մենք՝ որպես հասարակություն, հստակ գիտակցենք, որ կա ընդամենը երկու ընտրություն՝ գնալ Արևմուտք հին թշնամու հետ, բայց ոչ ավանդական ավարտի հույսով (խորհրդանիշը Ապրիլի 24-ն է), կամ նոր հարաբերություններ կառուցել հին դաշնակցի հետ (որն այս պահին Հայաստանին դիտում է տարածաշրջանը բացելու բանալի, բայց համարում է անհուսալի և պրոբլեմատիկ, ինչի հետ հավասար գործընկերության տեսանելի փորձ չունի)։

Չինաստան–Իրան. այս տողերը գրելիս հասկանում եմ, որ այս հնարավոր նոր կոալիցիան կարող է փոխել Հայաստանի ճակատագիրը և առհասարակ մեծ տարածաշրջանի դինամիկան։ Սա կարող է լինել Հայաստանի փրկությունը կամ կործանումը, բայց այս պահին դժվար է ասել՝ Հայաստանը կարո՞ղ է սա ընկալել որպես ընտրություն, թե՞ ոչ։ Փաստը հետևյալն է. Չինաստանի և Իրանի միջև կնքված պատմական պայմանագիրը, որի միայն գոյության փաստը գիտենք ու հավելյալ ոչինչ չգիտենք, կարող է լինել ամենաանսպասելի գեոպոլիտիկ լուծումը, որը կզրոյացնի տարածաշրջանի բոլոր հին դինամիկաները՝ Բյուզանդական կայսրության փլուզումից հետո։ Ես համարում եմ այս ամենի պոտենցիալն Ամերիկան հայտնաբերելուն, ատոմային ռումբի կամ ինտերնետի գյուտին հավասար շրջադարձային պատմական փաստ։ Չինաստանի հնարավոր ռազմական ներկայությունն Իրանում և Իրանի ու աշխարհի ապագայի հնարավոր սիմբիոզը հուշում է ինձ, որ աշխարհը հերթական անգամ առաջվանը չի լինելու։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ես չեմ ուզում լինել պաթետիկ և հույս դնել ժողովրդի իմաստնության վրա, որն ուշանում է արդեն հինգ հազար տարի, կամ խոսել, այսպես կոչված, էլիտաների նախաձեռնությունների մասին, որոնց նայելիս տխուր ժպիտ է առաջանում։ Մեր երկիրը թակարդում է, և նրան այդտեղ ենք մտցրել մենք՝ ժողովուրդը, էլիտաները, «անտեսանելի ձեռքը» և, իհարկե, Նիկոլը՝ որպես առանձին սուբյեկտ։ Այդ թակարդում բոլորս ենք, ինչպես նաև մեր ժողովրդի ու պետության ապագան։

Ես խորապես համոզված եմ, որ կա թակարդից ելք, և մեր երկիրը կարիք ունի «Ուժով հաշտեցնողի», որը պրոֆեսիոնալ թիմով, հստակ ռազմավարությամբ ու լայն հանրային կոնսոլիդացիայի միջոցով, պատկերավոր ասած, մազերից քաշելով՝ թակարդից կհանի երկիրը՝ անկիրթների ու դավաճանների կամքին հակառակ, ամպուտացնելով թունավորող հանգույցները, կտրելով այն, ինչ անհրաժեշտ չէ, հեռացնելով նրանց, ում ստիպված է։ Կզրկի կարծիք ձևավորելու ամբիցիաներից մարդկանց, որոնք նույնիսկ չունեն սեփական կարծիք, կանջատի երկրի աղմուկը, իրենց տեղը կդնի նախկին էլիտաներին, կպատժի նրանց, ում ներել հնարավոր չէ, և կների մնացած բոլորին։

Սա հնարավոր է միմիայն մի պայմանով, երբ մարդիկ դադարեցնեն կուռքի ու փրկչի փնտրտուքը և բռնեն փրկել կարողացողների ձեռքը, իսկ վերջիններս էլ իրենց հերթին՝ պետք է գիտակցեն, որ այդ վայրկյանից դնում են զոհասեղանին իրենց կյանքն ու ճակատագիրը, քանզի «Ուժով հաշտեցնողին» չի ներվում ներկան, բայց հաջողելու դեպքում առաքելությունը գնահատում է պատմությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ