՛՛Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել՛՛. պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում
Ազգային ժողով-Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գրավոր հարցում է ուղարկել կառավարությանը՝ պարզելու համար, թե սեպտեմբերի 25-ի նիստում, երբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզետ, ինչպիսին է եղել քվեարկությունը: Պատգամավորը խնդրել է ներկայացնել այդ նիստի տեսաժապավենը, սակայն կառավարությունը չի ուղարկել: ՛՛Ովքեր են մասնակցել նիստին, քվեարկություն եղել է, թե ոչ, և եթե քվեարկություն չի եղել, ինչի հիման վրա է ընդունվել այդ որոշումը, այս հարցերն էին, պատասխանները չեն ուղարկվել՛՛,-ասաց պատգամավորը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարության բոլոր որոշումներն էլ քեարկությամբ են լինում: Յուրաքանչյուր դեպքում վարչապետը հարցնում է՝ ինչ կարծիքներ կան, ով է դեմ, և եթե դա լինում է, ապա հաշվի է առնվում, որ այդ նախարարը դեմ է, իսկ եթե նման բան չի լինում, վարչապետը հայտարարում է՝ որոշումն ընդունված է ու անցնում է առաջ:
Պատգամավորը միացրեց նիստի ձայնագրությունը, որտեղ, իր խոսքով, երևում էր, որ քվեարկություն չի եղել: ՛՛Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել՛՛,-հայտարարեց պատգամավորը և հավելեց, որ սա պետք է Հատուկ քննչական ծառայությունն ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին ու ենթարկի համապատասխան քննարկման, ինչպես հարկն է: Դավիթ Հարությունյանը նշեց. ՛՛Պետք է շնորհավորենք ՀՀ ցանկացած քաղաքացու, որ ձեզ հնարավորություն չի տրվել աշխատել իրավապահ մարմիններում: Եթե նման մեկն աշխատեր իրավապահ մարմիններում, 37 թիվը մեզ կթվար ժողովրդավարական՛՛:
Ինչ վերաբերում է ձայնագրությունը, ապա նախարարն ասաց, որ որևէ մի նախարարի մոտ հարց չի առաջացել քվեարկության հետ կապված, այդ պատճառով էլ հարց չի եղել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ նախադեպ չպիտի դառնա, որ նիստին բջջային հեռախոսներ միացնեն՝ լինի դա ձայնագրություն, թե մեկ այլ բան:
՛՛Մյուս անգամ խոսափողը կանջատենք՛՛,-ասաց նա: