Հետո գալիս, մատով ցույց են տալիս…
”Դա չկրթված մարդն է անում, որ, ինձ թվում է, ոչ էլ տառաճանաչ է, ոչ էլ ընդհանրապես իր պատմությունն է ուսումնասիրել, ոչ էլ ընդհանրապես ինքն իրեն է հասկանում այդ մարդը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչով է պայմանավորված հուշարձանները փչացնելը: Հիշեցնենք, որ վերջերս Գառնու տաճարի վրա էին ինչ-որ նյութերով գրառումներ արել: Հասմիկ Պողոսյանի համար նման արարքները ոչ միայն անթույլատրելի են, այլև անհասկանալի:
՛՛Ո՞նց կարող է նորմալ մարդը նման հրաշք կոթողների վրա նստի ու գրի, դա նորմալ չի չէ՞: Դու ինչքան պետք է անհաղորդակից լինես ամեն ինչի նկատմամբ, որ նման բան անես՛՛,-հավելեց նախարարը: Նա շեշտեց, որ այդ ամենն արվել է մի ներկով, որը բավական դժվար է մաքրվում: ՛՛Հետո գալիս են, մատով ցույց են տալիս, ասում են՝ տեսեք՝ Մշակույթի նախարարությունը չի մաքրել: Բայց ես չեմ կարող բոլորին բացատրել, որ սիրելի՛ներս, մի գրեք այդ հուշակոթողի վրա, որովհետև ես հետո չեմ կարողանում այդ ներկն այդ հուշարձանի վրայից հանեմ՛՛:
Հասմիկ Պողոսյանը համաձայն է՝ ամեն հասարակությունն ունի կերպարներ, որ հարիր չեն այդ հասարակությանը: ՛՛Հիմա ամեն մեկն այդ կարգի վարքագիծ չունի, բայց կան մարդիկ, որ ունեն, ի՞նչ անենք՛՛,-եզրափակեց Մշակույթի նախարարը: