Աշխարհի կառավարությունների մեծ մասում հենց տնտեսական ոլորտների համակարգման միջոցով են տնտեսական զարգացման խնդիրների արդյունավետ լուծումների հասնում: Հ. Նաղդալյան
Այսօր Ազգային ժողովում շարունակվեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկումը, որը ենթադրում է Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միավորումը, ինչպես նաև Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ներկայացնելով «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, ասել է, որ թեև Կառավարության կառուցվածքը որոշում է հենց կառավարությունը ևներկայացնում է Ազգային Ժողովի հաստատմանը, ներկայացված նախագիծը տեղին չէ և պատշաճ հիմնավորված չէ.
Խնդրի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց.
-Հակառակ անմիտ պնդումների, թե նման փոփոխությունները նախաձեռնվում են անձերի խնդիրներ լուծելու համար, կառավարության կառուցվածքային փոփոխությունները շատ կարևոր ու լուրջ խնդիրների լուծման նպատակ ունեն: Հատկապես եվրասիական ու եվրոպական ինտեգրացիայի նախարարության ձևավորումը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ աշխարհի կառավարությունների մեծ մասում հենց տնտեսական ոլորտների համակարգման միջոցով են տնտեսական զարգացման խնդիրների առավել արդյունավետ լուծումների հասնում, երբ տնտեսական բլոկի նախարարությունների ու ենթակառուցվածքների աշխատանքների ներդաշնակեցման, նրանց համահունչ աշխատանքի ապահովման խնդիր է դրվում: Այսօր մենք իսկապես տնտեսական ոլորտում համակարգման, կառավարության տարբեր կառույցների աշխատանքները ներդաշնակելու, մեկ նպատակի ու թիրախի ուղղորդելու անհրաժեշտություն ունենք: Գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի նախարարություններից, ջրի, գազի, ենթակառուցվածքներից էականորեն կախված է մեր տնտեսական զարգացումը: Մենք ԵԱՏՄ մտնելով բարձրաձայնեցինք մեր քաղաքական դիրքորոշումը՝ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շարունակելու և խորացնելու վերաբերյալ, մենք նաև անհրաժեշտ ենք համարում, որ այդ համագործակցությունը լինի ռեալ դաշտում, գործնական, և այս նախարարությունը լուրջ աշխատանքներ ունի կատարելու: Գործադիրում ուժեղացվում են երկու կարևոր ուղղություններ՝ ԵԱՏՄ-ի համապատկերում տնտեսական զարգացումների հնարավոր բոլոր ռեսուրսներն օգտագործել ու իրականում արդյունավետ դարձնել, և երկրորդ՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը հաստատումների դաշտից իրական դաշտ տեղափոխելու: