Երեւան-Գյումրի ավտոճանապարհին “Գազել” է պայթել. կան զոհեր եւ վիրավորներ
Նախօրեին երեկոյան 19։20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար “Գազել” մակնիշի ավտոմեքենան բախվել է “Կամազ” մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով “Գազել”-ը պայթել է։
Ինչպես հայտնել է ԱԻՆ պաշտոնական կայքը, “Գազելը” ամբողջովին այրվել է: Մեքենայում նախնական տվյալներով 14 հոգի է եղել, որոնցից 7-ը մահացել է: Նրանց անձն առայժմ պարզված չէ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել տուժածներ Ս. Հ.-ն (ծնվ. 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնվ. 1978 թ.), Է. Ս.-ն (ծնվ. 2001 թ.) Կ. Բ.-ն (ծնվ. 1975 թ.), Հ. Չ.-ն (ծնվ. 1997 թ.), Զ. Հ.-ն (ծնվ. 1978թ.) և Ա. Շ.-ն (ծնվ.1992 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հդովածի 3-րդ մասի հատկանիշներով։
“Կամազ” մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաև տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Լուսանկարները` News.am-ի: