Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց և հեռացնենք ռեժիմին
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, գործող իշխանություններին հեռացնելու իր ծրագրի մասին ժողովրդին իրազեկելու նպատակով նոյեմբերի 9-ին Նախախորհրդարանը կազմակերպել էր 2-րդ մեծ ավտոերթը՝ Կոտայքի մարզում: Ավտոերթն առաջնորդում էր «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Այս 20 տարիների ընթացքում մեր ժողովրդի մոտ կարծրատիպ է ձևավորվել, որ այս հանցավոր ռեժիմից այլևս հնարավոր չէ ձերբազատվել։ Դրա գլխավոր պատճառը այն չի եղել, որ այս ռեժիմը իր բնույթով շատ հզոր է: Խնդիրը եղել է այն մարդկանց մեջ, ովքեր ուզել են այս ռեժիմից ազատվել։ Նրանք իրենց առաջ դրված խնդրին մինչև վերջ հետևողական չեն եղել: Սակայն այսօր կան առնվազն մի քանի հարյուր մարդ, որոնք ո´չ են ասում այս ռեժիմին, հստակ իրենց «ոչ»ի տերն են և իրենց ոչ մի բան չի´ կարող կանգնեցնել»,- իր խոսքում նշեց Ժիրայր Սեֆիլյանը: