06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քանի՞ անգամ ներեմ նրան

Ավետարանական այս հատվածում Պետրոս առաքյալը հարցնում է Քրիստոսին «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ» (Մատթեոս 18:21):

Երբեմն մինչև անգամ մեր հարազատին, մեր արյունակցին, մեր եղբորը չենք կարողանում ներել երկրորդ, և ուր մնաց, թե յոթերորդ անգամ: Երբ բախվում ենք կյանքի անարդարություններին և տեսնում մեր մերձավորների սխալները մեր դեմ, երբեմն չարանում ենք: Մեր չարությունը ոչ թե տվյալ երևույթի դեմ է, այլ հենց սխալ  գործողի դեմ: Եվ մենք այլևս չենք կամենում ներել: Հիշենք, սակայն, որ դրանով մեզ բարձր ենք դասում նրանցից, գտնվում ենք հպարտ: Հիշենք, որ Աստված մեզ ներում է միշտ, ինչպես մշտապես ներողամիտ է ծնողը զավակի հանդեպ:

«Քանի՞ անգամ ներեմ նրան»,- հարցնում ենք մենք, ինչպես Պետրոսը հարցրեց Քրիստոսին: Այս հարցը տալիս ենք ելնելով մեր ներելու անկարողությունից: Մենք զգում ենք մեզ անկարող ներելու՝ մոռանալով, որ իրականում դարձել ենք անկարող սիրելու:

Ի՞նչ է ներումը, եթե ոչ սիրո դրսևորում: Ինչի՞ց է սկսվում սերը, եթե ոչ ներումից: Եվ ոչ թե մեկ անգամ ներելուց, այլ մշտապես ներելու պատրաստակամությունից: Ինչո՞ւ է Աստծո սերը համեմատվում ծնողի սիրո հետ: Քանի որ միայն այդ սերն է ընդունակ մշտապես ներելու ու ընդունելու իր զավակին:

Սկզբում նշված ավետարանական հատվածում Պետրոսի տված հարցին, թե քանի՞ անգամ ներեմ նրան, Քրիստոս պատասխանում է. «Քեզ չեմ ասում, թե՝ մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մատթեոս 18:22): Այս հատվածում արտացոլված է Քրիստոսի անսահման սերն ամենքի նկատմամբ: Նա, ինչպես տեսանք, ոչ մի սահմանափակում չի դնում:

Եթե ցանկանում ենք ներված լինել, մենք էլ պիտի պատրաստ լինենք ներելու: Եվ հիշենք՝ եթե Աստված ներում է մեր եղբորը, ինչպե՞ս կարող ենք մենք էլ չներել: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ