Ամուսնուս արյան գինը. 12 երեխաների մայրը նստացույց կհայտարարի
՛՛Արաբո՛՛ ջոկատի ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը երազում էր 12 տղա ունենալու մասին: Երազանքը արդարացվում էր՝ զոհված ընկերների հուշը կրկին վերանձնավորելու մղումով: Դեռ մեկ տարի առաջ, երբ ծնվեց Գագիկի 12-րդ երեխան՝ Անահիտը, մեզ հետ զրույցում նա հուզվեց.՛՛Ուզում էի 12 տղա ունենալ, որ իմ կորած ընկերների անուններով կոչեմ ու կարոտս առնեմ …՛՛:
Գագիկ Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Մանուկյանը հասկանալով ամուսնու լուսավոր երազանքի բովանդակությունը պարգևեց նրան՝ 7 տղա և 5 աղջիկ:
12-րդ զավակից առաջ Արմենուհին հասցրել էր վայելել թոռնիկ ունենալու բերկրանքը:
Այսօր Արմենուհին մեզ դիմեց արցունքն աչքերին.՛՛ Հագուստ չունենալու պատճառով 6 երեխներս դպրոց չեն գնում:Դիմել ենք թաղապետարան ու էլի այլ պատկան մարմինների, թաղապետարանը ասում է, որ մենք չենք կարող օգնել, որ Ձեր երեխաները դպրոց հաճախեն: Ես այսօր ուզում էի նստացույց սկսել, գրկիս բալիկը կաշկանդում է….՛՛,-պատմեց ազատամարտիկի կինը:
Արմենուհին, սակայն պատրաստ է դիմելու ծայրահեղ քայլի.՛՛Ելք չկա՝ ամուսինս արյուն է տվելու, ու իմ երեխաները այս վիճակում…՛՛: