Աննա Հակոբյանը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ Արցախը Հայաստան է, և վերջ․ Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Արցախը Հայաստան է, և վերջ, Թուրքիայի և Ադրբեջանի առաջ բացեց Արցախ ներխուժելու դռները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը։
«Մեր արցախյան աղբյուրներից իմացել ենք, որ այն օրը, երբ Նիկոլը պատրաստվում է հայտարարել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, Արցախի և Հայաստանի իշխանությունները, իմանալով դա, բառիս բուն իմաստով պահանջել են, որ նա նման հայտարարություն չանի՝ պնդելով, որ դա ուղիղ դուռ է բացում դեպի պատերազմ։ Նիկոլը ասել է՝ լավ, չեմ ասելու։ Եվ գիտե՞ք ով է պնդել, որ չէ, պետք է ասես, եղել է մեկ հոգի՝ Աննա Հակոբյանը։ Նիկոլը բոլորի ներկայությամբ ասել է, որ ճիշտ եք, չեմ ասի, Աննան էլ ներկա է եղել այդ խոսակցությանը։ Եվ բոլորն արդեն սպասում էին, որ այդ հայտարարությունը չի լինի, Նիկոլը բղավում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Ականատեսները վկայում են, որ Աննա ձեռքի շարժումով ուրախության իր նշաններ է արտահայտել բացեիբաց»,- ասաց Գեղամ Նազարյանը։