Եվրանեսթում ԵՏՄ անդամակցության հարց չի քննարկվել
Ադրբեջանական պատվիրակությունը անհարմար վիճակում էր հայտնվել` ընտրելով այնպիսի զեկույց, որը արդյունքում պարզվել է, որ քիչ կապ ունի Ադրբեջանի հետ: Այս մասին խորհրդարանում ասաց “Եվրանեսթ”-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
Ինչպես միշտ ադրբեջանցիները փորձել են ցանկացած հարց կապել Արցախի վերաբերյալ իրենց տեսակետներին ու դիրքորոշումներին, բայց եվրոպացի պատգամավորները հորդորել են չներբեռնել Եվրանեսթի օրակարգը այնպիսի հարցերով, որոնք դուրս են քննարկումների շրջանակից:
Պատվիրակության ՕԵԿ-ական անդամ Մհեր Շահգելդյանի խոսքով, Ադրբեջանը խոսում էր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության արժեքների պահպանման մասին, մինչդեռ հայկական պատվիրակությունը առհասարակ բարձրաձայնում էր այդ արժեքների պահպանման մասին, ինչը բավականին դրական է ընդունվել եվրոպացիների կողմից:
“Եթե ասենք, որ բոլոր 90-ի հետ հանդիպել ենք ճիշտ չի լինի, բայց շատերի հետ հանդիպել ենք եւ հանձնաժողովի նիստերի ընթացքում շփվել: Հիմնականում հանդիպել ենք ազդեցիկ դերակատարների հետ: Միշտ չէ, որ նրանք պարզ պատկեր ունեին Ղարաբաղի հետ կապված եւ շատ դեպքերում իրենք խնդրել են էքսկուրս անել` հասկանալու հակամարտության պատմությունն ու ընթացքը: Ամենակարեւորն այն է, որ յուրաքանչյուր պատգամավոր հրավիրվել է թե Հայաստան, թե Արցախ, քանի որ իրենք էլ համաձայն են, որ շատ կարեւոր է տեղում լինել ու դրանից հետո միայն որոշել դիրքորոշումը”,-ասաց նա:
Այս իմաստով շատ կարեւոր է ԵՄ-Արցախ բարեկամական խմբի ստեղծումը Եվրախորհրդարանում, ինչը, ըստ պատգամավորի, որոշակի նոր շեշտադրումներ է բերում եվրոպական խորհրդարանի առջեւ:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, իրենք կողմնակից չեն, որ Եվրանեսթի հարթակը վերածվի հակամարտություն կարգավորող հարթակի, այդ մասին նաեւ եվրոպացիներն են հայտարարում: Բայց երբ նման փորձ է անում Ադրբեջանը, ապաեւ կարեւոր է դրան հակազդել, ինչն արվում է:
“Եվրանեսթ”-ում որեւէ հարց չի առնչվել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությանը: Դա մեր ներքին քննարկման հարցն է եւ որեւէ հանձնաժողովում նման հարց չի բարձրացվել”,- պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Եվրանեսթ”-ի պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: