Սեքս-սկանդալի մեղքը Թոքմաջյանը փորձում է բարդել իմ ուսերին. նամակ Աշոտյանին
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը բաց նամակով է դիմել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Հարգելի պարոն Աշոտյան,
Այս բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել վերջին շրջանում Հայաստանյան բուհական համակարգում, մասնավորապես` Պոլիտեխնիկում տեղի ունեցող անթույլատրելի երևույթների վրա, որոնք ոչ միայն ստվեր են գցում Պոլիտեխնիկի` որպես անդրկովկասյան տարածաշրջանային խոշորագույն բուհի բարի համբավի վրա, այլև իրենց ահագնացող տեմպերով ու անպատժելիությամբ սպառնում են բուհի, հետևաբար նաև երկրի ինժեներա-տեխնոլոգիական պոտենցիալի վերարտադրողականությանը ապագայում։
Մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած` իր անձի շուրջ սեքս-սկանդալի գործով մեղքը Պոլիտեխնիկի ռեկտորիժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը փորձում է «բարդել» իմ ուսերին` սեփական անունը մաքրելու համար, այդ նպատակին հասնելու համար չխնայելով ոչ մի միջոց և հաշվի չառնելով ոչ բարոյական արժեքները, ոչ իրավական նորմերը։ Պրն. Թոքմաջյանը բացահայտ հայտարարում է, որ ինքն ինձ է կասկածում սեքս-սկանդալի գործում, այն պարագայում, երբ համակարգիչը, որից հնարավոր կլիներ ստանալ իր ՖԲ գաղտնաբառը, իր անձնական նոութբուքն է, որը երբեք միացված չի եղել համալսարանի ներքին ցանցին, մշտապես օգտագործել է 3G ինտերնետ և երբեք չի սպասարկվել կամ հասանելի չի եղել իմ կամ իմ կողմից այն ժամանակ ղեկավարվող վարչությանը։ Ես ինքս երբեք չեմ ունեցել նամակագրություն պարոն Թոքմաջյանի հետ։ Այսինքն` պնդել, թե ես կարող էի մուտք գործել նրա ՖԲ էջը, հավասարազոր է պնդել, որ ես ի վիճակի եմ մուտք գործել ցանկացած ՖԲ էջ, որը աբսուրդ է։
Թե ինչ եղանակներով է պրն. Թոքմաջյանը փորձում սեփական սեքս-սկանդալի գործով նախաքննությունն ուղորդել իր նախընտրած ուղղությամբ, ես այս նամակում չեմ մանրամասնի, քանի որ այդ մասին բազմիցս զետեղվել են տարբեր հրապարակումներ, և նպատակահարմար չեմ համարում նույնիսկ այդպես միջամտել նախաքննության աշխատանքին։ Փոխարենը թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել Պոլիտեխնիկում տիրող ամենաթողության ու կազմաքանդիչ գործունեության այլ վառ օրինակներ։
Իմ նկատմամբ իրականացվող անօրեն հետապնդումների հերթական քայլն այն էր, որ ս.թ. նոյեմբերի 5-ին պրն. Թոքմաջյանն իր հրամանով ինձ ազատեց միաժամանակ ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետի և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտի պաշտոններում իմ աշխատանքից` հիմնավորելով իր որոշումը մինչ այդ տրված երկու նկատողություններով։ Մինչդեռ նկատողություններից առաջինը որոշման պահին գտնվում էր վարչական դատարանի վարույթում, ինչի մասին ՀՊՃՀ-ն պատշաճ կերպով ծանուցվել էր։ Ընդ որում այդ նկատողությունը տալուց առաջ ինձնից պահանջած բացատրագրում կային անբեկանելի հիմնավորումներ, որ նկատողության հիմքերն օրինական չեն։ Բացի այդ, նկատողությունը տրվել է փաստաթղթավորման գործընթացի խախտմամբ, եթե չասեմ` կեղծմամբ. նկատողության տեքստում նշվում է, այն տրվում է ռեկտորատի նիստի որոշմամբ, մինչդեռ ռեկտորատի նիստի ժամանակ պրն. Թոքմաջյանը հայտարարել է, որ հարցը չի դնում քննարկման և հայտարարում է նկատողությունը միանձնյա։ Այս մասին կփաստեն ռեկտորատի անդամներից շատերը, ինչպես նաև նիստի ձայնագրությունը։ Երկրորդ նկատողությունն, իր հերթին, պրն. ռեկտորն ինձ տվել է սեքս-սկանդալի գործով իրավապահ մարմիններում ՀՊՃՀ ներկայացուցիչը լինելու ընթացքում իմ` դասերը բաց թողնելու համար, որը ևս հեռու է հիմնավորված կամ տրամաբանական լինելուց։
Պրն. Թոքմաջյանի հաստատած բռնատիրական կարգերն այսքանով չեն սահմանափակվում. անհասկանալի հիմնավորմամբ, աշխատանքից հեռացնելուց հետո համալսարանի աշխատակազմի ղեկավարը հանձնարարում է անվտանգության աշխատակիցներին, որ ինձ ներս չթողնեն համալսարան, և դա այն դեպքում, երբ ես որպես անհատ խորհրդատու իրականացնում եմ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ԿԳՆ դրամաշնորհային ծրագրով բազմաթիվ գործառույթներ, և իմ բացակայությունը կարող է էապես ազդել ծրագրի ընթացքի վրա։
Իմ նկատմամբ հաշվեհարդարի «կազմակերպված ծրագրի» շրջանակում պարոն Թոքմաջյանը սկսել է հալածել նաև քեռուս` ֆիզիկայի ամբիոնի արդեն նախկին վարիչ և մինչբուհական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին։ Նախ պրն. Թոքմաջյանը, հղվելով ակադեմիկոս Է. Ղազարյանի ստուգումների արդյունքների վրա, որտեղ վերջինս արձանագրել էր Ուսումնամեթոդական վարչության կողմից հաստատված առարկայական ծրագրերի բովանդակային շտկումների կարիք, Ա. Խաչատրյանին հեռացրեց ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից` պահանջելով 9 տարի այդ պաշտոնը զբաղեցրած մարդուն մեկ ժամում ազատել աշխատասենյակը։ Հատկանշական է, որ Ա. Խաչատրյանն այդ պաշտոնում ընտրվել էր ՀՊՃՀ գիտական խորհրդի քվեարկությամբ, իսկ պրն. Թոքմաջյանն ազատել է նրան սեփական միանձնյա որոշմամբ։
Դրանից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրեց գիտական խորհրդի նիստ և հարց բարձրացրեց ընդամենը 2 ամիս առաջ իր պաշտոնավարման ընթացքում ստեղծված` մինչբուհական կրթության գծով պրոռեկտորի հաստիքի աննպատակահարմարության վերաբերյալ։ Անց կացնելով աննախադեպ քվեարկություն (տեղից ռեկտորի ժ/պ-ն կարդում էր անդամների անուննեը և վերջիններս տեղից գոռում էին կողմ կամ դեմ), ստացավ պատկեր` 45 կողմ և 45 դեմ։ Չամփոփելով արդյունքները հայտարարեց ընդմիջում, որի ընթացքում ունեցավ առանձնազրույց դեկաններից մեկի հետ, ով ընդմիջումից հետո փոխեց իր ձայնը և 46 կողմ 44 դեմ հարաբերությամբ ամփոփեց քվեարկությունը` հաստիքի կրճատման օգտին։ Մինդեռ համալսարանի կանոնադրությամբ ամրագրված է, որ հարցը քվեարկությամբ համարվում է որոշված գիտխորհրդի ամբողջական կազմի, այլ ոչ ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ (Համալսարանի կանոնադրության 38-րդ կետի երկրորդ նախադասություն)։ Այսինքն պրն. Թոքմաջյանի բարձրացրած հարցը կարող էր համարվել որոշված 51 կողմ ձայնով։ Չնայած այս հանգամանքին` նա «գիտխորհրդի որոշմամբ» կրճատեց պարոն Խաչատրյաի զբաղեցրած հաստիքը։
Ցավոք, պրն. Թոքմաջյանի և նրա «թիմակիցների» ապօրինությունների շղթան` ուղղված իմ և ինձ հետ կապված անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն, այսքանով չի ավարտվում, և այդ նպատակով նրանք դիմում են Պոլիտեխնիկի համար խիստ անհարիր, անպատվաբեր և աննախադեպ միջոցների։ Պրն. Թոքմաջյանի կողմից վերջերս նշանակված` Պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը, սպասելով պարոն Խաչատրյանի աշխատասենյակի դիմաց 15 րոպե, մինչև վերջինս դուրս կգա աշխատասենյակից, փորձել է կոնֆլիկտ հրահրել նրա հետ` հասցնելով պրոֆեսորին անձնական վիրավորանքներ և սադրելով նրան տեսագրող սարքերի առջև կոմպրոմատային քայլերի, սակայն հասկանալով, որ պարոն Խաչատրյանը չի տրվելու մանիպուլյացիաներին, անցել է ավելի արգահատելի եղանակով կռիվ հրահրելու փորձի. քաշքշել, հետապնդել, գրավոր խոսքի համար չափազանց գռեհիկ և ագրեսիվ կերպով բացատրություններ է պահանջել այդ պահին պրն. Խաչատրյանին բարևելու համար մոտեցած` ՀՊՃՀ վարժարանի սաներին, կրքերը թեժացնելով այնքան, որ պրն. Խաչատրյանը ստիպված լինի հորդորել աշակերտներին արագ հեռանալ այդտեղից` լրջորեն անհանգստանալով նրանց անվտանգության համար։ Այո, որքան էլ զարմանալի է` պրն. Զատիկյանից սպասելի է ֆիզիկական բռնությունը նույնիսկ երեխաների նկատմամբ. համենայն դեպս շատերի մոտ նա ինքն արդեն հասցրել է նման կերպար ձևավորել։
Պրնք. Թոքմաջյանը և Զատիկյանը մեկ այլ առիթով` շաբաթ օրը, կանչել են ՀՊՃՀ քոլեջի մի քանի տարեցաշխատակիցների և վիրավորել նրանց` «Դուք կապիկներ եք», «Նենց մի արեք ձեր հետ քֆուրով խոսանք» և նման այլ արտահայտություններով (ի դեպ, վերջին արտահայտությունը ես անձամբ լսել եմ պրն. Զատիկյանից նաև այլ անձանց հասցեին), և քոլեջի աշխատակիցների գերվրդովված բողոքի ակցիայից հնարավոր է եղել խուսափել միայն այն ժամանակ դեռ պրոռեկտոր Խաչատրյանի մեծ ջանքերի գնով։ Թոքմաջյանը և Զատիկյանը պրն. Խաչատրյանի հետ ունեցել են լարված խոսակցություն, երբ վերջինս նրանց հայտարարել է, որ անկախ պատճառներից` չի կարելի դասախոսներին անվանել «կապիկներ» կամ սպառնալ «քֆուրով խոսել»։
Պարոն նախարար,
Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անթույլատրելի, ամենաթող վարքի և համալսարանումսարսափելի բռնատիրական բարքեր հաստատելուն ուղղված քայլերի օրինակները, ցավոք, այսքանով չեն ավարտվում։ Ավելին, վախենամ` դրանք օրըստօրե աճում են և էլ ավելի քաջալերվում անպատժելիության մթնոլորտում։
Ռեկտորատի նիստերի ժամանակ մարդիկ զրկվում են արտահայտվելու իրավունքից, խրախուսվում է Պոլիտեխնիկի աշխատակիցների կողմից միմյանց զրպարտելն ու հերյուրանքը` մարդկանց պատժելու և ճնշելու նպատակով։ Առկա են դեպքեր, երբ ռեկտորն անձամբ իր աշխատասենյակ է կանչել և շատ կոպիտ ձևով նախատել է աշխատակիցներին այն բանի համար, որ վերջիններս համարձակվել են «ֆեյսբուքում» «լայքել» իմ գրած ստատուսները։
Իր վարքով պարոն Թոքմաջյանը փորձում է լուծել երկու խնդիր. վարկաբեկելով ինձ` նա ակնհայտորեն կարծում է, թե կազատվի իր սեքս-սկանդալի կեղտից և իմ անունն արատավորելու հաշվին կկարողանա փրկել սեփական պատիվը, իսկ ազատվելով պրն. Խաչատրյանից` հնարավորություն կստանա կամայականություններ անել համալսարանում` առանց դրանց համար պատասխան տալու կամ դրանց դեմ արդարացի հակազդեցության հանդիպելու։
Հարգելի պարոն Աշոտյան,
Որպես ոլորտի համակարգող և պատասխանատու` դիմում եմ Ձեզ խնդրանքով` զբաղվել ոչ միայն Պոլիտեխնիկի, այլև ողջ բուհական համակարգի համար մեծ կարևորություն ներկայացնող այս խնդրով։ Վերջին երկու ամիսների ընթացքում Պոլիտեխնիկում աշխատելը նմանվել է կատաղած գազանի հետ մեկ վանդակում լինելուն։ Այսպիսի մթնոլորտը ոչ միայն խանգարում է կրթական գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու ոլոտի նվիրյալների աշխատանքին. վախենամ` ամենաթողության և անպատժելիության միջավայրում «ծաղկող» այսպիսի հանցավորությունն ու անբարո վարքագիծը շատ արագ վերջ կդնեն մեր երկրում ինժեներատեխնիկական կադրերի պատրաստման լավագույն ավանդույթներին։
Այստեղ այլևս ինձ կամ մեկ ուրիշին պաշտպանելու խնդիր չէ, վտանգված է Պոլիտեխնիկը` որպես կրթական միջավայր և երկրի ապահով ու բարեկեցիկ ապագայի համար անհրաժեշտ երիտասարդ կադրերի դարբնոց։ Բնական է` կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ ես խիստ սուբյեկտիվ եմ և կանխակալ, և որ Պոլիտեխնիկում ամեն բան նորմալ է, սակայն իրականությունն այդ կերպ «շպարողներին» դժվար չի լինի կապել նրանց հետ, ովքեր Թոքմաջյանական պլանները կյանքի կոչելու համար բացահայտ ստում ու զրպարտում են, ճնշում են մարդկանց ու զրկում կարծիքն արտահայտելու իրավունքից, հայհոյում են ու հրահրում առճակատման, մի խոսքով` անում են բաներ, որոնք Պոլիտեխնիկի նման կրթական հաստատությունում պարզապես գոյության իրավունք չունեն։