Իշխանությունը բացահայտ սխալներ է անում
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ եռյակում եղած տարաձայնություններն ակնհայտ են:՛՛Իրենք այդ մասին հարթակից էլ հայտնեցին: ՛՛Ժառանգությունը՛՛ ԵՏՄ-ի ու Ղարաբաղի հարցում այլ դիրքորոշում ունի, մյուսներն՝ այլ: Դրանք բավական լուրջ տարաձայնություններ են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս, սակայն, ներքին քաղաքական խնդիրների շուրջ ունեցած եռյակի տարաձայնությունները ևս նկատելի է համարում: ՛՛Փոփոխություն, փուլ առ փուլ իշխանափոխություն, սահմանադրական, թե հեղափոխական կարգով արվելիք իշխանափոխություն, դրանք բոլորը լուրջ խնդիրներ են, որոնց շուրջ միակարծություն չկա՛՛,-նշեց նա:
Ազատ Արշակյանը կարծում է, որ ՀԱԿ-ը կողմ է արտահերթ ընտրություններին, սակայն ընդհանուր ոչ եռյակը, ոչ էլ ՀՀԿ-ը չեն պատրաստվում դրան: ՛՛Արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն ֆորսմաժորի դեպքում, երբ որևէ աղետ լինի, իսկ աղետի ժամանակ մենք չգիտենք՝ եռյակն ինչ կագավիճակ կստանա, հնարավոր է, որ աղետը շատ մեծ վնասներ տա եռյակին. կարող է դա լինել և տարերային աղետ, և քաղաքական աղետ, և զինված կոնֆլիկտ: Եթե ֆորսմաժոր չէ, ես կարծում եմ, որ որևէ մեկը պատրաստ չէ արտահերթ ընտրություններին՛՛:
Նրա խոսքով՝ իշխանությունների վարքից երևում է, որ նրանք նախընտրական կամպանիա չեն տանում: ՛՛Ընդհակառակը՝ կարծում եմ, որ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը և իր արբանյակները, որ վարձավճարով իրենց ՀՀԿ-ական են հայտարարում, կարծես թե առայժմ այնպիսի բաներ են անում հակաիշխանական, ներսից ինչ-որ մազոխիզմ կա, այնպիսի սխալներ են անում, կարծես ուզում են օգնել իրենց ընդդիմադիր ուժին: Ասում են՝ տեսեք, մենք ինչ կոպիտ սխալներ ենք անում՝ տնտեսական հարցում, քաղաքական ծրագրերում, սոցիալական հարցերում՛՛,-ասաց Ա. Արշակյանը և որպես օրինակ բերեց մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը:
՛՛Դա նշանակում է, որ նրանք շատ ժամանակ են վերցնում նախընտրական կամպանիայի համար, իջեցնում են իրենց վարկանիշն՝ ընտրությունների ժամանակ թափով բարձրանալու համար: Իշխող ուժի վարքագիծն ասում է, որ նրանք հանգիստ սպասում են հաջորդ ընտրություններին: Ընդդիմությունը պատրաստ չէ, որովհետև բացառությամբ ԲՀԿ-ի ֆինանսական ռեսուրսներից այլ ռեսուրսներ նրանք չունեն: Իսկ ընտրությունների արդյունքում կստանանք այն, ինչ հիմա ունենք, այսինքն՝ կվերարտադրվի այն վիճակն, ինչ-որ այսօր կա: Ընդդիմությունն էլ եթե ուզում է դառնալ առաջատար, նրանք իրատես են, այնտեղ փորձառու քաղաքական գործիչներ ու բիզնեսմեններ կան ու գիտեն՝ ինչից հետո ինչ է լինում, պատճառահետևանքային կապին ծանոթ են ու գիտեն, որ եթե այսօր կայանան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, արդյունքը կլինի ճիշտ այն, ինչ մենք այսօր ունենք: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա փոփոխել, ի՞նչ կարիք կա ռեսուրսները վատնել՛՛:
Ըստ մեր զրուցակցի՝ հենց այդ պատճառով ՝էլ եռյակը չի շտապում նոր հանրահավաքներ անել: ՛՛Արեցին էլի, ցույց տվեցին, որ ուժ կա, իրենք գոյություն ունեն, դա մեզ չմոռանաք, մենք ասելիք ունենք, նման տեսքով էր: Բացի այդ նոստալգիա կար, հանրահավաքային լուսանկարները հին էին, սև ու սպիտակ էին, հիմա արդեն գունավոր լուսանկարներ էլ կան՛՛,-եզրափակեց Ազատ Արշակյանը: