Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական
ինքնակառավարման օրվա առթիվ
՛՛Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ
Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ու
համայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացել
է հաջողությամբ կայանալ եւ բավականին հիմնավոր կերտել իր պատմությունը:
Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում:
Թե հասարակությունը, թե իշխանությունը շահագրգռված են, որ այդ հիմքը լինի
հուսալի, որպեսզի ամուր լինի նաեւ դրա վրա վստահորեն կառուցվող տունը՝
Հայաստանի Հանրապետությունը:
Այն, որ պետությունն ուժեղ է իր համայնքներով, իրականությունից կտրված
գաղափար չէ, այլ փորձված ճշմարտություն: Եւ գերտերությունների, եւ փոքր
երկրների կայունությունը հիմնվում է նաեւ համայնքների զարգացվածության ու
կազմակերպվածության վրա, որովհետեւ տեղական ինքնակառավարումը, որպես պետության
կարեւորագույն ինստիտուտներից մեկը, քաղաքացիների իրավունքների իրացման,
կարեւորագույն հարցերին նրանց մասնակցության, նրանց մեջ ինքնակազմակերպում եւ
նախաձեռնողականություն զարգացնելու իրական հնարավորություն է: Համոզված եմ, որ
քաղաքացիական հասարակության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման
համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության
կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու:
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, եւս մեկ անգամ
շնորհավորելով Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ
առողջություն, լավատեսություն, բարեկեցություն եւ հաջողություններ ու նոր
ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր երկրի համայնքների եւ Հայաստանի
Հանրապետության՛՛: