25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատ հաճախ մարդու կենտրոնը ստամոքսն է։ Իսկ այդ կենտրոնը դեպի վեր բարձրացնել՝ սրտի և ուղեղի մեջ առնել

Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու.

Ամեն։

Ողջունում եմ ձեզ՝ սիրելի եղբայրներ և քույրեր, Աստծո Հոգին թող մեզ վրա լինի

և լուսավորի մեր մտքերը։

Մենք միշտ նորություն ենք ուզում. նոր բաները կարևոր են մեզ համար, եթե նոր բաներ մեզ չի պատահում, հին բաներից ձանձրանում ենք։ Սակայն, երբ նոր բան է պատահում, այս անգամ էլ մեզ համար նորը որպես վտանգ ենք տեսնում և հնին ենք փարում։ Եւ այսպիսով՝ հնի ու նորի դժվարությունն ենք ունենում։

Հիմա պետք է նորոգվենք, դրա համար այս շրջանը՝ Մեծ Պահքի, մեր առջև Եկեղեցին դնում է որպես նորոգության շրջան։ Այսինքն, ամբողջ տարին ինչ որ անում ենք, այս շրջանը դրանից տարբեր մի բան է, և այդ տարբեր բանը պետք է ձեր հոգևոր ճամփորդությունը լինի՝ Աստծուն մոտենալու համար։

Իսկ դրա համար նոր բանը ի՞նչը կարող է լինել։

Եկեղեցին ասում է, որ նոր բանը ստամոքսից է սկսում, որովհետև մեր ստամոքսը մեքենայի պես է աշխատում՝ առավոտյան մի բան պետք է գցեք, որ այն աշխատի, կեսօրին էլ մի բան գցեք, երեկոյան էլ, պառկելուց առաջ էլ, և այսպես պտտվում է ու երբեմն էլ վարժություն դառնում։ Երբեմն մենք նրա ծանրությունն ենք զգում, սակայն և այնպես այդ անիվը կոտրել դժվար է լինում։ Եւ այդ անիվը միայն ուտել֊խմելու անիվը չէ։

Մեր օրը երեքի ենք բաժանում՝ ըստ ուտելիքի, այդպես չէ՞։ Մեր կարևոր ժամանակը՝ բարեկամներով ու մեր ընտանիքով անցկացրած ժամանակն է, ուրբաթ֊շաբաթ֊կիրակի օրերն են, խրախճանքի ժամանակն է։ Եւ նաեւ, ինչ որ ուտում ենք, ազդում է մեր հոգևոր կյանքի վրա, այսինքն՝ քուն է բերում, յուղ է բերում, գիրանում ենք, ծանրանում ենք, երբեմն մարմնական խնդիրներ ենք ունենում, և սա ազդում է մեր եկեղեցական ու հոգևոր կյանքի վրա։

Հաղորդություն չենք կարող առնել, որովհետև, նույնիսկ մեկ առավոտ առանց ճաշի չենք կարող մնալ։ Ուրեմն՝ չենք կարող նաեւ ավելի երկար ժամանակ Եկեղեցու մեջ նստել։

Ուստի՝ Եկեղեցին տեսել է, որ ուտելը մեր կենտրոնն է, այսինքն՝ մարդու կենտրոնն իր սիրտն ու ուղեղը չեն. շատ հաճախ մարդու կենտրոնը ստամոքսն է։ Իսկ այդ կենտրոնը դեպի վեր բարձրացնել՝ սրտի և ուղեղի մեջ առնել, շա՜տ կարևոր է հոգևոր անձի, հավատացյալի համար, որովհետև մեր գործը, մեր ուղղությունը՝ դեպի Աստված, ստամոքսի՛ց չի սկսում։

Իսկ ո՞րտեղից է սկսում՝ սրտի՜ց ու մտքի՜ց։ Հետևաբար, եթե պետք է նորոգություն գա, Եկեղեցին մեզ ասում է, որ մեր ստամոքսից դեպի վեր պետք է բարձրացնես քո կենտրոնը, սրտի վրա զետեղես, և ուղեղով՝ քո լսածներովդ շարունակես։ Քո ծրագիրը՝ Աստծուն մոտենալը, Աստծով լցվելը պետք է լինի։ Հետևաբար պետք է թեթևանաս, հոգևոր մարդ դառնաս, որը սիրտ ու միտք ունի։ Սրա համար է, որ մենք այս ապաշխարության ընթացքին պահեցողություն ենք անում։

Իրականության մեջ այս շրջանը պահեցողության շրջան չէ, այլ՝ ապաշխարության։ Այսինքն՝ ի՞նչ է ապաշխարությունը՝ մի ուղղություն եք ընտրում և գնում, իսկ հետո հասկանում եք, որ այդ ուղղությունը սխալ է, եւ ի՞նչ պետք է անեք՝ դառնաք այդ ուղղությունից և հակառակը գնաք։

Ուրեմն՝ մեր կյանքում, երբ շատ ենք մխրճվում նյութի մեջ՝ սխալ է սա,

երբ մենք միայն ուտելիքի մասին ենք մտածում՝ այս էլ սխալ ուղղություն է,

եթե միայն այս աշխարհի մեջ դրամ հավաքելու համար ենք աշխատում և ապրում՝ սա նույնպես սխալ ուղղություն է, եթե ուրիշների հետ կռվում ենք և չենք ներում, բարեկամություն չենք հաստատում՝ սա սխալ ուղղություն է նույնպես. և ի վերջո,

եթե մեր հավիտենական կյանքի մասին չենք մտածում ու միայն հեռուստացույցի մեջ ենք թաղվում՝ սա սխա՛լ ուղղություն է։ Ուրեմն՝ ապաշխարությունը ի՞նչ է՝ ե՜ տ

դ ա ռ ն ա լ, մեր երեսը դեպի Աստծու՜ն դարձնել և Աստծու՜ն փնտրել։

Ուրեմն, եթե ամբողջ տարին մտածենք՝ սա նո՜ր բան է։

Եթե մեկն այս շրջանին լուրջ է մոտենում, այսինքն՝ մի բան ձեռք բերել է ուզում և Աստծուն մոտենալ, Եկեղեցի հաճախել, Աստծո խոսքերով լցվել, սա իր համար նո՜ր բան է, նորությու՜ն է։ Որովհետև հավատացյալը միշտ հավատացյալ է և ինքն իրեն այդպես է զգում, բայց իր հավատացյալ կյանքը երբեմն սահմանափակվում է իր վարժություններով, և իր միտքը, սիրտը ուրիշ բաների մեջ է, տաղտուկ է, ուրիշ բաներով է շատ մտահոգված, հոգին ծանրաբեռնված է, և տակավին կարծում է, որ ինքը հավատացյալ է, բայց օրվա վերջավորության, երբ ժամանակը գալիս է, թե որքան ժամանակ է տրամադրել իր հավատքի և հոգևոր զարգացման համար, տեսնում է, որ շատ քիչ։

Աստծո հետ միշտ զբաղվելը հավատացյալի սրտի մեջ մնում է մի փափագ, և ինչպես ենք մենք երբեմն մոտենում մեր փափագներին՝

մի՜շտ հետաձգում ենք, այդպես չէ՞,

մի՜շտ վաղն է մեզ համար,

մի՜շտ ավելի լավը պետք է անենք, բայց վաղը, և միշտ մենք ավելի լավ վիճակում ենք երազում մեզ, սակայն այդ օրը երբեք չի գալիս։

Այդ օրը եկա՛վ, այդ օրը մեծ պահքի շրջա՛նն է։ Եկեղեցին մեզ ասում է, որ մի պահ կանգ առ, ստամոքսիդ ասա՛.《 Կանգ առ, իմ ուզածներս պիտի ուտես ու խմես, եւ ի՛մ ուզած ժամանակին. հիմա ես մյուս գործերս թողնում եմ և գնում եմ Եկեղեցի, Աստծո Խոսքը պետք է լսեմ, կյանքս պետք է քննության անցկացնեմ, պետք է ջանամ ավելի լավ մարդ դառնալ, ինչ որ չեմ կարողացել անել, ինչին որ ուժ չեմ ունեցել, հիմա՜ եմ ուզում կատարել》։

Ուրեմն՝ սա է փոփոխության սկիզբը, և

եթե փոփոխություն ենք ուզում, բայց մեր կենցաղի մեջ չենք փոխում որևէ բան, այդ փոփոխությունը երբեք չի գա։ Անպայման այդ կենցաղը և մեր առօրյան պետք է փոխենք. միայն այդ ժամանակ է սկսվում ճշմարիտ փոփոխությունը։

Մի անգամ ծոմապահության մասին եկան Հիսուսի մոտու հարցրին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։

Հիսուս նրանց ասաց. «Միթե կարելի՞ բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, եւ ապա ծոմ կպահեն։ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ 9:14

Ի՞նչ է ուզում ասել Հիսուս՝ ծոմապահությունը Աստծուն մոտենալու համար է, ո՛չ թե Աստծո համար։

Աստծո՜ւն մոտենալու համար է, որովհետև Սուրբ Գրքի մեջ գրված է, որ ծոմապահությունը մեզ՝ մարդկանցս համար է, Աստծո համար չէ։ Աստված մեր դատարկ ստամոքսներին կարոտ չէ, այսինքն՝ Աստծուն հաճելի չէ մեր դատարկ ստամոքսից եկած ձայները, Աստված չի սպասում, որ մենք ծոմ պահենք, որպեսզի սոված մնանաք։

Աստված Եսայի մարգարեի միջոցով ասում է, որ նրանք ասում են, թե մենք ծոմ պահեցինք՝ Դու չտեսար։ Աստված էլ ասում է՝ երբ որ ուտում եք, ինձ համար ե՞ք ուտում, որ ասում եք՝ ծոմ պահեցինք՝ Քեզ համր։ Ձեր ուտե՛լն էլ, ծո՛մն էլ՝ ձե՛ր անձի համար է։

Հետևաբար, մենք ծոմապահությունն օգտագործում ենք Աստծուն մոտենալու համար՝ մեզ թեթևացնող մի բան. Հիսուս հստակ է ասում այս մասին։

Այո՝ փարսեցիներն ու հրեաները ծոմ են պահում, Հովհաննեսի աշակերտները ծոմ են պահում, ինչու՞ քո աշակերտները ծոմ չեն պահում, և Հիսուս ասում է.《Որովհետև ծոմապահոյթյունն Աստծուն մոտենալու համար է, իսկ իմ աշակերտներն արդեն Աստծո մոտ են՝ Ինձ հետ են, բայց երբ հեռանամ իրենցից, իրենք էլ պետք է ծոմ պահեն, որպեսզի Ինձ մոտենան》։

Ուրեմն մեր հոգին այս աշխարհի մեջ միշտ է հեռանում Աստծուց, ինչպես կրակից հանված երկաթը՝ այդ պահին շատ տաք է երևում, բայց երբ դրսում է մնում, կամաց֊կամաց սառչում է։ Նույնպես մարդն է՝ այժմ ձեզ լավ եք զգում Եկեղեցու մեջ, բայց երբ Եկեղեցուց փողոց դուրս գաք, ձեր տուն գնաք, հեռուստացույց միացնեք և դիտեք, միանգամից կսկսեք սառել։ Ուրեմն Հիսուսն ասում է, որ Աստծուն մոտենալու ձևերից մեկը ծոմապահությունն է, որովհետև Հիսուս այս նմանեցնում է սուգի՛, սու՛գ պահելու, ծոմապահությունը սուգ պահելուն է նմանեցնում, և ինչու՞ համար սուգ, որովհետև Աստծուց հեռու եմ ես, որովհետև Աստծուց հեռացել եմ, որովհետև իմ մեղքերը, իմ մոլությունները, իմ չար վարժությունները ինձ հեռու են պահել Աստծուց։

Ասում եմ՝ Աստվա՜ծ իմ, բայց ոչինչ չեմ զգում, բաներ է հավաքվել սրտիս մեջ, կուտակված է, ես աղտոտվել եմ։ Դրա համար է պահեցողությունը սուգ։

Հետևաբար, Հիսուս ասում է՝.《Երբ որ Աստծուց հեռացած եք զգում, այդ ժամանակ ծոմ պետք է պահեք》, որովհետև Աստծուն մոտենալու ամենաազդեցիկ ճամփաներից մեկն է։

06.03.2019թ., Կ. Պոլիս, քարոզ,

Սրբազան Սահակ Պատրիարք Հայր։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ