19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղմթերքների տոնավաճառ Վանաձորում. շահավետ ծրագիր եւ′ գյուղացու, եւ′ քաղաքացու համար

Վանաձորում ամեն շաբաթ օր իրականացվում է գյուղանտեսական ապրանքների տոնավաճառ։ Լոռու մարզի տարբեր համայնքների գյուղատնտեսներ իրենց արտադրանքը՝ բանջարեղեն, միրգ, մսամթերք, կաթնամթերք և այլն, բերում են մարզկենտրոն և մատչելի գներով իրականացնում գյուղմթերքների վաճառք։

Նախաձեռնությունը «Լոռու ուսանողական միավորում» հասարակական կազմակերպությանն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Նոր շուկա, լայն հնարավորություններ» խորագրով ծրագիրը։

Տաղավարները գյուղացիներին տրամադրվում են անվճար, բացի այդ, հատկացվում են վառելիքի կտրոններ, և գյուղացին իր արտադրանքը դարձյալ առանց գումար ծախսելու հասցնում է Վանաձոր։

Գյուղմթերքների տոնավաճառի կազմակերպիչներից Էլեն Իշխանյանը նշում է, որ նախապես Լոռու մարզպետարանի օգնությամբ ուսումնասիրություններ են անցկացրել գյուղացիների շրջանում և պարզել, որ վերջիններս սեփական աշխատանքի պտուղները վաճառելու խնդիր ունեն։ Ուստի կազմակերպելով այս ծրագիրը՝ նպատակ ունեն այդ հարցում աջակցել գյուղաբնակներին։ Ծրագրում ընդգրկված են շուրջ 20 գյուղական համայնքներ, նախապես գյուղացիներին հերթագրում են, որպեսզի բոլորի համար մասնակցության հավասար հնարավորություններ ապահովվեն։

Էլեն Իշխանյանը նշում է, որ առաջին դիտարկումները ցույց են տվել, որ վանաձորցիների կողմից տոնավաճառի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է. ծրագիրը շահավետ է և′ գյուղացու, և′ քաղաքացու համար։ «Առավոտյան ժամը 11-ին բացված տոնավաճառում ժամը 13.00-ի դրությամբ բերված ապրանքը գրեթե ամբողջությամբ սպառվում է։ Գյուղմթերքը վաճառվում է բավականին մատչելի, ինչը ձեռնտու է նաև գնորդին։ Ամեն ուրբաթ շրջում ենք Վանաձորի շուկայում, արձանագրում ապրանքատեսակների գները՝ այդ մասին տեղեկացնելով տոնավաճառին մասնակցելու համար հերթագրված գյուղացիներին։ Վերջիններս էլ սեփական գյուղմթերքը սպառողին են ներկայացնում շուկայականից բավականին էժան գնով»,- ասում է ծրագրի կազմակերպիչը՝ ավելացնելով, որ նման տոնավաճառների առավելությունն այն է, որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն վաճառում է անմիջապես սպառողին առանց միջնորդի, ինչը կանխում է գների արհեստական բարձրացումը։ 

«Լոռու ուսանողական միավորում» ՀԿ-ն այս ծրագիրն իրականացնելիս համագործակցում է համապատասխան մարմինների հետ՝ ապահովելով սննդի անվտանգությունը։ Գյուղմթերքների տոնավաճառը Վանաձորի բանուկ թաղամասում է, տարածքը տրամադրվել է Վանաձորի քաղաքապետարանի կողմից։

ՀԿ-ն հոգացել է նաև վանաձորցիներին տոնավաճառի մասին տեղեկացնելու հարցը։ Տոնավաճառից 4 օր առաջ մարզային հեռուստատեսությամբ, որն ունի ավելի քան 200 հազար հեռուստադիտող, տրվում է համապատասխան հայտարարություն։

Տոնավաճառը կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ։

«Լոռու ուսանողական միավորում» ՀԿ-ն գյուղմթերքների տոնավաճառը կազմակերպելիս համագործակցում է Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, գյուղապետարանների հետ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի միջոցով՝«Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ