”Ադրբեջանին ձեռք չի տալիս Ղարաբաղի ներկայությունը բանակցային գործընթացում”
”Ղարաբաղյան խնդրի ցանկացած հարց պետք է որոշվի հենց Ղարաբաղի մասնակցությամբ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե Ադրբեջանը կհամաձայնի՞ խաղաղության մեծ պայմանագրի մշակման գործողություններին, որի մասին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց, թե դա Ֆ. Օլանդի տեսակետը չէր: ”Դա ադրբեջանական հերթական դիրքորոշումների փոփոխությունն է, որը փորձ է արվում ներկայացվել ոչ թե որպես սեփական կարծիք, այլ իբրև միջազգային տեսակետ”,-նշեց նա:
”Հիմա էլ ասում են, թե չեն կարող սկզբունքները մշակել, ասում են՝ եկեք սկսկենք մեծ համաձայնագրից: Ադրբեջանը պարզապես ժամանակ է ձգում, փորձում է մարտավարական տարբեր հնարքներով ազդել բանակցային գործըթնացի վրա, ուստի պարբերաբար փոխում է իր տեսակետը”,-հավելեց Ա. Ղուլյանը: Հարցին, թե արդյոք որևէ քայլ նախաձեռնվում է Արցախի իշխանությունների կողմից բանակցային կողմ վերադառնալու համար, նա պատասխանեց. ”Մենք խոսում ենք բոլորովին այլ բանակցային ֆորմատի, հնարավորությունների մասին, որովհետև կոմֆլիկտն ունի երեք կողմ: Տարբեր բաներ կարող ենք ասել, իհարկե, Ղարաբաղը իր չճանաչվածության պայմաններում կարող է պաշտոնական քաղաքական տեսակետներ հայտնել, որ եթե բանակցություններին ներկա չէ, ապա վերջնական կարգավորման հնարավորություն չի տեսնում: Սա ամենամեծ ազդանշանն է, թե ինչու պետք է Ղարաբաղը մասնակից լինի բանակցային գործըթնացին”:
Ըստ նրա` Ադրբեջանին ձեռք չի տալիս Ղարաբաղի ներկայությունը բանակցային գործընթացում, ուստի նրանք ամեն ինչ անում են, որ բանակցային գործըթնացի ձևաչափը նենգափոխվի: