25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սպասելի որոշում՝ անորոշ հեռանկարով

Տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որը որոշում կայացրեց` «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ստեղծելու մասին: Ու թեև ԲՀԿ առաջնորդը դեռևս հոկտեմբերի 24-ին էր հայտարարել, թե արդեն սկսվել են այդ գրասենյակների հիմնման աշխատանքները, բայց այդ մասին որոշումը կայացվեց ու հրապարակվեց միայն այսօր:

Նշված փաստաթղթի ամենակարևոր բնութագրիչը դրանում պարունակվող նորությունների չափազանց փոքր քանակն է:

Այսպես, փաստաթղթի առաջին կետում նշվում է, որ քաղխորհուրդը լիազորում է համակարգված գործողություններ իրականացնելու նպատակով եռյակի մյուս ուժերի հետ քաղաքական խորհուրդ ձևավորել, ԲՀԿ-ի շտաբները տրամադրել համաժողովրդական շարժմանը, ինչպես նաև բացել նորերը: Բանն այն է, որ մինչև այժմ էլ եռյակն իր գործողություններն իրականացնում էր համակարգված ձևով, իսկ ԲՀԿ-ի գրասենյակներն այսպես թե այնպես օգտագործվում էին աշխատանքները կազմակերպելու համար:

Երկրորդ կետով անդրադառնում է արտախորհրդարանական ուժերի հետ աշխատանքների կազմակերպմանը: Մինչդեռ մինչ այժմ էլ Եռյակը ու ԲՀԿ-ն համագործակցում էին այնպիսի արտախորհրդարանական գործիչների ու կառույցների հետ, ինչպիսիք են Արամ Հարությունյանը, Գառնիկ Իսագուլյանը, Առաքելություն կուսակցությունը և այլն:

Հաջորդ ուշագրավ կետով փաստաթուղթն անդրադառնում է ՀԿ-ների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ աշխատանքներին: Թեև պետք է նշել, որ ստրուկտուրալ առումով թե ԲՀԿ-ն, թե ՀԱԿ-ը, թե «Ժառանգությունը» ՀԿ-ների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ աշխատանքի պատրաստ ու նախկինում էլ նման փորձ ունեցող կուսակցություններ են: Այն առավել ընդգծված է ԲՀԿ-ի դեպքում, քանզի դաշտում գործող մի շարք ՀԿ-ներ անմիջական ֆինանսավորում են ստանում ու «գործածվում» հենց ԲՀԿ-ի կողմից:

Այնուհետև խոսվում է արտերկրում համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու մասին, որի իմաստն ու էությունը, սակայն, չի հասկացվում: Ներքաղաքական հարցեր քննարկելու ու խնդիրներ լուծելու գործում ի՞նչ ներգրավվածություն կարող են ունենալ այլ պետություններում հիմնված կառույցները, նույնիսկ եթե դրանցում գործելու են հայ համայնքների ներկայացուցիչներ: Մյուս կողմից, կիրառության մեջ դժվար է դա պատկերացնել: Ի՞նչ խնդիրներ կարող են իրենց առաջ դնել և լուծել արտասահմանյան այդ գրասենյակները: Այսինքն` ստացվում է, որ սա բարձրագոչ կետ է, որը պարզապես լրացուցիչ ճոխություն է հաղորդելու ԲՀԿ քաղխորհրդի որոշմանը:

Նույնը կարելի է ասել երիտասարդության հետ աշխատանքների մասին` ԲՀԿ-ն ունի գործող երիտթև, բնական է, որ հայտարարության մեջ նշված կետերը այդ երիտթևի գործունեության մեջ գրեթե ոչինչ չեն փոխելու: 

Այնուհետև խոսվում է տարածքային կառույցների գործունեության մասին, ինչը, շատ տրամաբանական է, որ այդպես էլ պետք է լիներ, այսինքն` ԲՀԿ-ի տարածքային կառույցները, անշուշտ շարունակելու էին աշխատել նույն ոգով:

Այսինքն` ԲՀԿ Քաղխորհրդի այս որոշումն իրականում ոչ այլ ինչ է, քան ֆորմալ փաստաթուղթ, որին «երկար սպասում էին» եռյակի համակիրները ու որը արդարացնելու էր վերջին երկու շաբաթների եռյակի դրսևորած պասիվությունը:

ԲՀԿ-ն նշում է այն բոլոր քայլերն ու նախատեսվող աշխատանքները, որոնք մինչ այժմ էլ անում էր: Ու մի փոքր պարզ չէ` ինչում էր կայանում որոշման նորությունը, ի՞նչ էր փոխում այն ԲՀԿ-ի գործունեության մեջ, ի՞նչ գործընթացի սկիզբ էր դնում:

Միայն ԲՀԿ գրասենյակը համաժողովրդական գրասենյակ փոխելու գործընթացի սկիզբ, ինչն էլ, սակայն միանգամայն տրամաբանական էր և դեռ օրեր առաջ հասարակական շրջանակներում քննարկվում էր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ