Ցմահ ազատազրկված անչափահասների իրավունքը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է “Ցմահ ազատազրկման եւ անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները” թեմայով սեմինարին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին եւ անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին եւ նշել, որ նախարարությունը շատ է կարեւորում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով՝ արդիականացման լայնածավալ աշխատանքներ են տարվում Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխման ուղղությամբ:
Խոսելով պատժի նպատակներից՝ նախարարի տեղակալն ասել է, որ այն պետք է ուղղված լինի դատապարտվածին ազատության նախապատրաստելուն, որի արդյունքում անձը ազատություն կվերադառնա որպես հասարակության լիարժեք անդամ:
“Մենք ժառանգել ենք սովետական քրեակատարողական հիմնարկներ, սակայն որդեգրել ենք նոր ՔԿՀ-ների կառուցման քաղաքականություն. շուտով կբացվի “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը”,- տեղեկացրել է Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն իր առջեւ նպատակ է դրել նաեւ համադրելի դարձնել դատապարտյալների եւ տուժողների իրավունքները, որի նպատակով Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայություն. արդյունքում հայ հասարակությունում կարմատավորվի հաշտեցման ինստիտուտը եւ հանդուրժողականությունը կդառնա սոցիալական վարքականոն:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան նշել է, որ գրասենյակն օժանդակում է ընթացիկ իրավական եւ դատական բարեփոխումներին եւ նպատակ ունի աջակցել քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը սերտ եւ արդյունավետ համագործակության համար եւ նշել, որ այն հիմնված է փոխվստահության վրա: Նրա խոսքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրենց գործերը լուրջ վերանայելու անհրաժեշտություն ունեն:
Քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը սեմինարի մասնակիցներին է ներկայացրել քրեական իրավունքում պատիժների ընկալման եւ դրանց նպատակների վերաբերյալ զեկույցը եւ կարեւորել պատժի ու հանցագործության կանխարգելման նպատակները: Նրա խոսքով՝ պատիժը պետք է խարսխված լինի դատապարտյալների վերասոցիալիզացիայի եւ մյուս քաղաքացիների պաշտպանվածության գիտակցության համադրության վրա:
Սեմինարին մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին